«Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Շարմազանով

«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորն է։ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում», - այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, Շարմազանովը նշել է, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման հարցում Թուրքիան և Ադրբեջանն իրական սպառնալիք են։

Շարմազանովը վերահաստատել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու՝ հայկական կողմի դիրքորոշումը, ինչը միանշանակ չի ընդունվում Ադրբեջանի կողմից: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հակահայ հայտարարությունները, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն:

Հիշեցնենք՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հայտարարել է, թե Ադրեբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «միշտ եղել է կառուցողական և ճիշտ»:

Բոլորովին վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարը ռազմաշունչ հայտարարություններով էր հանդես եկել, մասնավորապես, ասելով, թե իրենց նպատակն է՝ նախապատրաստել բանակը պատերազմի համար, և «այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները»:

ԱԺ փոխնախագահն այսօր անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին։

Ռաֆայիլ Զինուրովն իր հերթին կարևորել է հայկական կողմի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միջազգային ասպարեզում հաստատակամ աշխատանքը պետք է լինի:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահն առաջարկել է ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ Դաշնության խորհրդում և Պետական դումայում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման նպատակահարմարության հարցը:

Ռաֆայիլ Զինուրովը հարցը քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում: