Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է ներկայանալ հարցաքննության, նա որևէ մտավախություն չունի. Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր վստահեցրեց, թե Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է Մարտի 1-իգործով ներկայանալ հարցաքննության, երբ հուլիսի 25-ից հետո արտերկրից վերադառնա Հայաստան:

Սողոմոնյանը շեշտեց, թե Ռոբերտ Քոչարյանը որևէ մտավախություն չունի Մարտի 1-ի գործի հետ կապված:

Սողոմոնյանի փոխանցմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննության կանչվելու ծանուցագիրը ստացել են անցած ուրբաթ օրը ժամը 14-ին: Ըստ ծանուցագրի, Քոչարյանը նույնն օրը ժամը 15.30-ին պետք է ներկայանար նախաքննական մարմին: Բայց քանի որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, նրա գրեասենյակի ղեկավարը այսօր պատասխան նամակ է ուղարկել ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնական հանցագործությունների քննության վարչության պետի տեղեկալ Էդուարդ Հակոբյանին՝ տեղեկացնելով, որ հուլիսի 25-ից հետո Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է պատասխանել քննիչի հարցերին:

Միաժամանակ, ըստ Սողոմոնյանի, եթե մինչև հուլիսի 25֊ը, առաջանան «անհրաժեշտ հանգամանքեր», ապա Քոչարյանը պատրաստ է պատասխանել նաև նախապես տրված գրավոր հարցերին՝ գրավոր, հեռախոսակապի կամ տեսակապի միջոցով:

Հաշվի առնելով գործի հասարակական հնչեղությունը՝ Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակը առաջարկում է, որպեսզի Քոչարյանի հարցաքննությունը նրա ներկայացուցչի կողմից ձայնագրվի «սկզբից մինչև վերջ»՝ անհրաժշտության դեպքում հրապարակելու նպատակով:

«Ազատություն»․ - Դուք մտավախություն չունե՞ք, որ այդ հարցաքննությունից հետո վկայի կարգավիճակից նա կարող է կասկածյալի, ապա նաև մեղարդյալի կարգավիճակում հայտնվել:

Սողոմոնյան․ - Մենք ընդհանրապես որևէ մտավախություն չունենք որևէ հարցով, որ առնչվում է Ռոբերտ Քոչարյանին: Ինչ հարց էլ որ լինի, ինչպես որ դա շահարկվել է այդ տարիներին, մեզ համար որևէ խնդիր այդ հարցերը չեն ներկայացնում: Սակայն՝ եթե մենք խոսում ենք օրենքի դաշտի մասին: Եթե մենք խոսում ենք այն մասին, որ մենք, օրինակ, հղում ենք անում ինչ-որ հասարակական լայն զանգվածների, եթե մենք անտեսում ենք Սահմանադրական դատարանի որոշումները, օրենքները, Սահմանադրությունը և այլն, էդ ժամանակ ոչ թե մենք մտավախություն ունենք, այլ պետք է բոլորս արդեն մտավախություն ունենանք, և հարց առաջանա՝ մենք էդպիսի՞ երկրում ենք ուզում ապրել, թե՞ ոչ:

«Ազատություն»․ - Գործով, որով որպես վկա կանչվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որպես մեղադրյալ անցնում է Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Եվ կան ձայնագրությունները փաստահավաք խմբի շրջանակներում արված հարցաքննության, որտեղ նա ասում է, որ ինքը գործել է Գերագույն գլխավոր հրամանատարի, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի ցուցումով: Այսինքն, եթե նույնիսկ այն մեղադրանքը, որը նրան ներկայացվել է՝ սահմանադրական կարգը բռնի կերպով տապալել, ապա նա դա արել է Ռոբերտ Քոչարյանի ցուցումով: Մտավախություն չունե՞ք, որ կա այդ ցուցմունքը, և դրա հիման վրա Քոչարյանին կարող են ներգրավել արդեն որպես կասկածյալ ու մեղադրյալ:

Սողոմոնյան․ - Ստացվում է, որ սահմանադրական կարգ է եղել, որի կրողը եղել է հաղթած ընդդիմությունը, որը չի հաստատվում, ո՛չ ԿԸՀ որոշումներով, ո՛չ ՍԴ-ի որոշումներով: Պաշտպանության նախարարությունն էլ այդ կարգը նոր սահմանադրական ինստիտուտ ստեղծելով տապալել է: Սա ծաղր է օրենքի նկատմամբ:

«Ազատություն»․ - Բայց Սահմանադրությունն արգելում է բանակը, զինված ուժերը օգտագործել քաղաքականության մեջ, ինչը և արվել է, ըստ ՀՔԾ-ի:

Սողոմոնյան․ - Մեր քաղաքական իրականության մեջ կա մի ընդհանուր խնդիր․ Սահմանադրությունը ամեն մեկը կարդում է այնպես, ինչպես ուզում է տեսնել: Այսինքն, պարզապես հարմարեցում է տեղի ունեցել այն քաղաքական նպատականերին, որ փաստահավաք խումբը հետապնդել է: Եթե մենք խոսում ենք Սահմանադրության պահպանման մասին, օրենքների պահպանման մասին, եթե ընդհանրապես մենք օրենքների դաշտում ենք, ապա որևէ խնդիր չկա: Չկա այնպիսի հարց, որը կստիպի մեզ անհանգստանալ: Բայց եթե մենք խոսում ենք, որ մենք որոշում ենք, ասենք, ով է ժողովրդի թշնամին, էկեք էդպես որոշենք․․․

«Ազատություն»․ - Բայց մենք տեսել ենք չէ՞ այդ կադրերը զինված ուժերի, Պաշտպանության նախարարության պետհամարանիշներով մեքենաների․․․ այդ ամբողջ մենք տեսել ենք չէ՞ Երևանի կենտրոնում:

Սողոմոնյան․ - Ես ավելին ասեմ՝ դուք չէին կարող չտեսնել, որովհետև Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ իրավիճակի մասին հրամանագիրը հստակ սահմանում է, որ այդ ռեժիմի իրականացումը դրվում է ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ-ի վրա:

«Ազատություն»․ - Հենց դա են պնդում, որ հակասահմանադրական է: Արտակարգ դրության ժամանակ Զինված ուժերը չեն կարող ներգրավվել, դրա համար պետք է ռազմական դրություն լինի և երեք նախապայման․․․

Սողոմոնյան․ - Դա Սահմանադրության հատվածական ընթերցում է: Ես իրավաբան չեմ, Դուք էլ: Ես չեմ ուզում Ձեր հետ մտնեմ այդ թեմայով պոլեմիկայի մեջ:

Ռոբերտ Քոչրայանի գրասենյակի ղեկավարը շեշտում է, թե այն ժամանակ, երբ բոլոր փաստերը կպարզվեն, և ոչ միայն Մարտի 1-ի, նաև 1999֊ի հոկտեմբերի 27-ի գործով, Քոչարյանի իբրև թե կուտակած միլիարդների հետ կապված հանրությունը «մեծ զարմանք է ապրելու»։ Ավելին, ըստ Վիկտոր Սողոմոնյանի, ցանկացած բացահայտում, որը առնչվում է Ռոբերտ Քոչարյանին, լինելու է իր օգտին․ - «Տարիներ շարունակ ուղղակի վայրահաչոց է մի թեմայով, որի հետ նախագահ Քոչարյանը որևէ առնչություն չունի․․․ Դուք կարո՞ղ եք ցուցադրել Ռոբերտ Քոչարյանի այդ մեծ կարողությունը: Կամ հոկտեմբերի 27-ի մասին որ խոսում են, ինչ-որ բան կա, որի մասին ինչ-որ մեկը լռո՞ւմ է էս քսան տարի է․․․ Ցանկացած բացահայտում ցանկացած գործով, որ առնչվում է Ռոբերտ Քոչարյանին ինչ-որ կերպ, ցանկացած բացահայտում լինելու իր օգտին: Կապրենք, կտեսնենք»:

Հուլիսի 4-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով հրավիրվել է հարցաքննության։ «Նա հրավիրվել է վկայի կարգավիճակով», - ասաց ՀՔԾ պետը։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան, երբ պաշտոնապես երկրի ղեկավարն էր Ռոբերտ Քոչարյանը, ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Մարտիմեկյան իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Իշխանափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայության նոր պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ քաղաքական կամք կա «Մարտի 1»-ի գործը բացահայտելու։