Մամեդյարովը Մնացականյանի հետ առաջիկա հանդիպման նախաշեմին պնդում է Բաքվի դիրքորոշումը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ հուլիսի 11-ին նախատեսված Հայաստանի արտգործնախարարի հետ «առաջիկա հանդիպումը ցույց կտա, վերջապես, Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կառուցողական դեր կխաղա՞, թե՞՝ ոչ»:

Նրա խոսքով՝ «Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ հակամարտության կարգավորումը տարածաշրջանային համագործակցության հնարավորություններ կստեղծի, ինչի կարիքը ամենաշատը Հայաստանն ունի, և տարածաշրջանում կայուն խաղաղություն կապահովի»:

Նա նշել է, որ «ուշադրությամբ և զսպվածությամբ» հետևելով Հայաստանի քաղաքական գործընթացներին, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ «եթե Հայաստանում իշխանության եկած նոր ուժերը ողջամիտ քաղաքականություն վարեն, ապա հակամարտության կարգավորման գործընթացում կարելի է առաջընթացի հասնել: Եթե նրանք ևս գնան Սարգսյանի ռեժիմի ճանապարհով, ապա նրանց սպասում է նույն ճակատագիրը», - ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ասել է Մամեդյարովը՝ կրկին պնդելով, որ հակամարտության կարգավորման գործընթացի առաջընթացի համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «օկուպացված տարածքներից»: