Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն այսօր մեկնում է զինվորական ծառայության։
Այս պահին նա գտնվում է Կենտրոնական զինվորական հավաքակայանում։
Աշոտ Փաշինյանը դեռ մայիսին տեսաուղերձի միջոցով հայտարարել էր, որ որոշել է ինքնակամ դիմում գրել և ծառայությունն անցկացնել Արցախում։
Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան Աշոտ Փաշինյանն ասաց դիմումն արդեն գրել է, գնալու է Լեռնային Ղարաբաղ։ - «Ես գնալու եմ առաջնագիծ՝ Ղարաբաղ եմ գնալու, դիմում եմ գրել, Արցախի Հանրապետություն եմ գնալու, իսկ թե կոնկրետ որ զորամաս, վիճակահանությունից պարզ կլինի։ Էդ որոշումը դեռ փոքր ժամանակվանից եմ կայացրած եղել», - ասաց Աշոտ Փաշինյանը։
Որդու՝ մայիսի 27-ի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն էր դիմել արտերկրում գտնվող և ծառայության չմեկնած Հայաստանի քաղաքացիներին՝ կոչ անելով նրանց առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ Հայաստան և իր որդու հետ մեկնել ժամկետային զինվորական ծառայության։
Գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանն օրերս «Ազատության»-ը տեղեկացրեց, որ Փաշինյանի կոչից հետո 156 հոգի վերադարձել է Հայաստան և մեկնել ծառայության։
Որդուն ճանապարհելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական հավաքակայան եկավ կեսօրից անց։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ վարչապետը նախ շրջայց կատարեց հավաքակայանում. նրանք այցելեցին բժշկական հատված, եղան ճաշարանում։ Պաշտպանության նախարարն ու վարչապետը ճաշեցին զինվորների հետ։
«Այս սնունդը շատ որակյալ էր։ Ուղղակի պետք է պարզել՝ ամեն տեղ այսպես է, թե այսպես չէ», ֊ ճաշելուց հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց վարչապետը։ ֊ «Ամբողջ խնդիրն այն է, որ զորամասերի սննդի մասին չեք կարող մի զորամասի սննդից պատեկարացում կազմել։ Ես անձամբ ստացել եմ սննդի որակի հետ կապված դիմումներ և համապատասխան ընթացք է տրվել»։
Այն հարցին, թե այս զորակոչի ընթացքում ո՞ր խնդիրներն են իր ուշադրության կենտրոնում, վարչապետը պատասխանեց՝ դա արդարության հարցն է։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև նախկինում իր կողմից տրված հանձնարարականներին՝ որպեսզի զինվորների համար ապահովվի անհրաժեշտ ամեն ինչ՝ սնունդ, համազգեստ, և կրկին նշեց, որ զինվորը հարազատներից ոչինչ չպետք է ուզի։ ֊ «Խոսքը նրա մասին է, որ այն ապահովումը, որի պարտավորությունը դրված է պետության վրա, պետությունը լիարժեք պետք է իրականացնի։ Դա չի նշանակում, որ եթե ծնողը գնում է երեխային տեսակցելու, չի կարող, ասենք, իր հետ միս տանել, թույլտվություն վերցնել, ասել՝ գնանք խորոված անենք, կամ մի հատ քաղցրավենիք տալ։ Խոսքը նրա մասին է, որ զինծառայողի ծնողը պիտի ստիպված չլինի, դա իր համար սոցիալական նոր բեռ պետք է չլինի», ֊ պարզաբանեց վարչապետը։
Փաշինյանը արտառոց ոչինչ չտեսավ նաև նրանում, որ իր որդին դիմում է գրել Լեռնային Ղարաբաղում ծառայելու համար։ ֊ «Հպարտության զգացողություն ունեմ», ֊ նշեց նա։ «Ազատության» հարցին՝ իսկ դա իրեն չի՞ մտահոգում, հաշվի առնելով լարված իրավիճակը, սրումները, վարչապետը պատասխանեց. ֊ «Ոչ ավելի, քան մեր բանակի մյուս զինվորների կապակցությամբ ունեցած մտահոգությունը և դրանից ոչ ավել, ոչ պակաս։ Այդ առումով, կարծում եմ, ես նաև ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների»։