«Սերժ Սարգսյանի իշխանությունը երբեմն փորձեր էր անում «Մարտի 1»-ը բարդել Քոչարյանի վրա՝ նպատակ ունենալով մաքրվել». Արամ Մանուկյան

Ըստ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը երբեմն փորձեր էր անում «Մարտի 1»-ը բարդել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա՝ դրանով նպատակ ունենալով մաքրվել։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Մանուկյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համաձայնությամբ է «Մարտի 1»-ն իրականություն դարձել։

«Ակնհայտ էր այդ երկուսի համաձայնությամբ այս ամենն իրականացնելը, և գնալով բացահայտվում էր, գնալով հնարավոր էր դառնում բացահայտման հնարավորությունը, և Սերժ Սարգսյանն իր թիմով՝ Նիկոյանով և մնացած հանրապետականներով փորձում էին անընդհատ մի քիչ ավելի ետ տանել մեղքերը՝ իրենց մաքուր դուրս գալու համար։ Այնքան ակնհայտ է այս ամենը, այնքան ակնհայտ է այդ կազմակերպվածությունը՝ պետական համագործակցված կազմակերպվածությունը «Մարտի 1»-ի, որ ինչպես Ռոբերտն էր ասում՝ շարքային ուչաստկովին էլ կարող եք տեսնել, որ էս երկուսը եղել է Ռոբերտ Քոչարյանի պրեզիդենտ եղած ժամանակ, Սերժ Սարգսյանի վարչապետ եղած ժամանակ և բոլորը համակարգված է տեղի ունեցել», - ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ իրենք ուրախ ու պատրաստակամ են աջակցելու «Մարտի 1»-ի գործի բացահայտմանը։

«Ինչո՞ւ ենք մենք այսքան ուրախ և այսքան պատրաստակամ աջակցելու, որովհետև այս ամենը գողացված իշխանության արդյունքն է։ Վերջին հաշվով էս իշխանափոխությունը տեղի ունեցավ 98 թվականին, 2008-ին ամրագրվեց արյունով, 99-ի արյունը դեռ մնում է որպես օրակարգի հարց բացվելու, էս ամենը եղել է իշխանությունը պահելու համար։ ՀՔԾ-ի բարի գործը, արդար գործը նա է, որ շեշտադրումը հենց այստեղ դրեց, որ ընտրությունների կեղծման արդյունքում է սա եղել», - ասաց Մանուկյանը՝ շարունակելով. - «Դեռ ընտրություններից առաջ բաներ կային արդեն՝ մարդկանց տանում էին, ահաբեկում էին, քանի հոգու արդեն ձերբակալել էին։ Ամսի 23-ին է տեղի ունեցել Ձեր ընթերցած գաղտնի հրամանի ամսաթիվը։ Դուք գիտեք, որ քրեական գործը բացվել է փետրվարի 23-ին՝ մարտի 1-ից 8 օր առաջ, երբ ոչինչ չկար, բայց արդեն կար ընտրությունների արդյունք և իրենք գիտեին, որ կեղծիքը տեղի է ունեցել, արդեն իրենք իշխանության չեն և դիմեցին իրավապահներին՝ կազմակերպելու այս քրեական գործը և սկսվեց մարդաորսը։ Այսինքն՝ ամենևին մարտի 1-ի հետ կապված չի, ասենք թե մերոնք փայտով, քարով, ոստիկան էին ծեծում, ընդդիմանում էին, ամենևին, այս գործը եփվել է, թխվել է դրանից ութ օր առաջ, և սա է գործի քաղաքական էությունը, որը ապացուցում է, որ փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր՝ ոչ ընտրված, Սերժ Սարգսյանը վարչապետ էր և կազմվեց այդ 0038-ի թիմը, որն իրականացրեց էս ամենը։ Էդ առումով է, որ հայ ժողովուրդը մաքրվելու է այս երկու բանդաների արածներից՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի»։

Հիշեցնենք՝ 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Սամվել Նիկոյան, արխիվ

Այս տարվա փերտրվարի 23-ին Ազգային ժողովում «Ելք» խմբակցության նախաձեռնած՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ավարտին ելույթով հանդես եկավ հանրապետական Սամվել Նիկոյանը, ով 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահն էր: Նրա խոսքով՝ մարտի 1-ի իրադարձությունների հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ։ «Դա դաժան մրցակցություն էր, աններելի մրցակցություն էր՝ երկու կողմից միմյանց նկատմամբ այնպիսի բառապաշարով ու մեղադրանքներով, որը հանրության մոտ չէր կարող չառաջացնել այնպիսի իրավիճակ, որը կբերեր մարտի 1-2-ի իրադարձություններին», - ասաց Նիկոյանը՝ շարունակելով. - «Դա բոլորիս խղճի վրայից պետք է դուրս գա, եթե որևէ մեկը սխալ է արել, միտումնավոր է արե՞լ, հանցագո՞րծ է, ուրեմն թող պատժվի որպես հանցագործ։ Թե չէ մենք ապրում ենք այդ ծանր բեռով: Ու շատ դժվար է»։

Նիկոյանն այդ օրը հարցեր ուղղեց տասը տարի առաջ հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այդ շրջանում նախագահական ընտրությունների արդյունքներում պաշտոնական տվյալներով Սերժ Սարգսյանին պարտված թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

«Ասում ենք՝ երկրորդ նախագահ ջան, Դուք հայտարարեցիք, մասնավորապես, որպես հիմնավորում արտակարգ դրություն հայտարարելու, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետևը: Բոլոր վիրավոր ոստիկաններին, բոլոր էդ փաստաթղթերից պարզեցինք՝ դատաբժշկական փորձաքննության ենթարկեցինք, որ ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց՝ պարո՛ն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան Ձեզ, որի հիման վրա Դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման վրա», - հայտարարել էր Նիկոյանը:

Այդ ժամանակ տեսակետներ հնչեցին, թե Նիկոյանի ելույթը երկրորդ նախագահի դեմ է ուղղված, Նիկոյանը հակադարձեց՝ նշելով. - «Դա մամուլի հորինվածքն է՝ մամուլը մտածեց իր համար»։

Սասուն Խաչատրյան, արխիվ

Իշխանափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայության նոր պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ քաղաքական կամք կա «Մարտի 1»-ի գործը բացահայտելու, օրեր անց ՀՔԾ-ն հայտարարեց նոր բացահայտման մասին։

Ըստ ՀՔԾ-ի, այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Դատարանը որոշում է կայացրեց երկու ամսով կալանավորել նրան։ Իսկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության։

Կիրակնօրյա վերլուծականն ամբողջությամբ կարող եք դիտել ասյտեղ.