Ֆուտբոլի համաշխարհային լեգենդները Երևանում են, պատրաստվում են վաղը խաղալ իրար հետ, բայց, ինչպես հայտնի ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովն է ասում՝ ոչ մրցել։
«Մենք վաղը չենք մրցակցելու, վաղը ֆուտբոլային մեծ տոն է բոլորի համար։ Խաղալու ենք երեխաների համար, ձեզ համար, նաև այն ֆուտբոլիստների համար, որոնք այստեղ են», - հայտարարեց Ստոիչկովը:
Բրազիլացի ֆուտբոլի լեգենդ Կաֆուն, ով առաջին անգամ է Հայաստանում, վաղվա խաղին ամենակարևորը երկրպագուների ուրախությունն է համարում և հին ընկերներով միասին խաղալը։
«Վաղվա խաղի արդյունքն ամենակարևոր բանը չէ, դեռ չգիտեմ՝ ովքեր են խաղալու, բայց ամենակարևորն այն է, որ ուրախացնենք հայ ազգին ու բոլոր երկրպագուներին: Խաղը կարող է ավարտվել 5:5, 6:6, 10:10՝ դա կարևոր չէ, կարևորը՝ բոլորն ուրախանան։ Շատ մեծ հաճույք է այստեղ գտնվել և այս խաղին մասնակցել», - ասաց Կաֆուն:
Անդրադառնալով այժմ ընթացող աշխարհի առաջնությունում իր երկրի ընտրանու վերջին պարտությանը, բրազիլացի ֆուտբոլիստն ընդգծեց՝ պարտության մեղավորը միայն մարզիչը չէ․ - «Երբ հավաքականը պարտվում է, նշանակում է՝ բոլորն են պարտվում։ Բրազիլիան պարտվեց, որովհետև Բելգիայի հավաքականը շատ լավ համակարգ ուներ»։
Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վենսան Կանդելան էլ ժպիտով հայտնեց, որ վաղը խաղալու է հաղթանակի համար։ «Ցանկանում եմ՝ վաղը լավ խաղ ցուցադրենք երկրպագուների համար: Կարիերայի ընթացքում խաղացել ենք հաղթելու համար, որպեսզի հասնենք այստեղ», - ասաց նա:
Անդրադառնալով աշխարհի չեմպիոնի հիմնական հավակնորդներին՝ ֆուտբոլի լեգենդները առանձնացրին Ֆրանսիայի, Ռուսաստանի և Բելգիային հավաքականներին։ Իսկ անակնկալներ, ըստ նրանց, կարելի է սպասել Խորվաթիայից, Անգլիայից և Շվեդիայից։ «Ֆրանսիա կամ Ռուսաստան», - ասում է Կանդելան: «Ինչո՞ւ ոչ, ամեն ինչ հնարավոր է», - հավելում է Ստոիչկովը:
Վաղը՝ հուլիսի 8-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայանալիք լեգենդների խաղին մասնակցելու համար Հայաստան կժամանի նաև Բրազիլիայի հավաքականի մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստ՝ աշխարհի չեմպիոն Ռոնալդոն։