Երեկ դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորված Մասիսի հանրապետական քաղաքապետն ու նրա եղբայրը չեն ընդունում մեղադրանքը և կալանավորման որոշումը համարում են ապօրինի:
«Ազատության» հետ զրույցում նրանց փաստաբան Զորայր Հարությունյանը պարզաբանեց՝ երկուսի կալանավորման միջնորդության դեպքում էլ Քննչական կոմիտեն հիմք է համարել այն, որ նրանց գործերով անցնող տուժողներն ու վկաները հայտնել են, թե վախենում են Համբարձումյան եղբայրներից և չեն ուզում նրանց հետ առերեսվել․ - «Մի քանի անձնավորություն, որոնք գալիս են հարցաքննվելու, տալիս են ցուցմունքներ, հայտնում են, որ «Դավիթ Համբարձումյանը մեզ ապտակել ա, հայհոյել ա, էս ա արել, էն ա արել, խոչընդոտել ա մեր կամքի արտահայտումը, և այլն, մեր երթը դեպի Երևան քաղաք, Հանրապետության հրապարակ, և այլն», և միևնույն ժամանակ ասում են, որ իրենք պատրաստ են մինչև վերջ պնդեն՝ մինչև մեղադրական դատավճռի կայացում, և այլն, և ընդամենը մեկ օր անց դիմում են ներկայացնում վարույթն իրականացնող մարմին՝ խնդրելով ընդհանրապես առերեսում չիրականացնել և իրենց մասնակցությամբ ընդհանրապես որևէ գործողություն չիրականացնել, քանի որ նրանք վախենում են, ինչ-որ մտավախություններ ունեն իրենց ընտանիքի անդամների վերաբերյալ»:
Միևնույն ժամանակ, ինչպես պնդում է փաստաբանը, Մասիսի քաղաքապետի դեպքում նախաքննական մարմինը կալանքի հիմք է ընդունել նաև այն, որ նա չի ենթարկվել գլխավոր դատախազի որոշմանը և քաղաքապետի լիազորությունները վայր չի դրել։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին առաջադրվել է մեղադրանք զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության համար, եղբորը՝ Գոռ Համբարձումյանին էլ՝ մի խումբ անձանց կողմից կազմակերպված, ինչպես նաև զենքի գործադրմամբ խուլիգանության համար:
Ըստ Քննչական կոմիտեի, Մասիսի քաղաքապետը մեղադրվում է երկու տարբեր դրվագներով։ Երկու գործերն էլ առնչվում են ներկայումս վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած բողոքի ակցիաներին։ Ըստ մամուլի, Մասիսի քաղաքապետը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի դստեր ամուսինն է։
Առաջին գործը հարուցվել էր դեռ մեկուկես ամիս առաջ՝ հեղափոխության օրերին, մասնավորապես՝ ապրիլի 22-ին մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Այդ դեպքով Մասիսի քաղաքապետը դեռ շուրջ մեկ ամիս առաջ ձերբակալվել էր, սակայն դատարանը նրան ազատ էր արձակել՝ գտնելով, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է, միևնույն ժամանակ՝ չկան բավարար չափով ապացույցներ, որ նա կատարել է այդ արարքը։
Ըստ Քննչական կոմիտեի, Էրեբունիում քաղաքացիական հագուստով մարդիկ, հիմնականում՝ բժշկական դիմակներով, հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, քարերով ու մահակներով հարվածել նրանց։ Քաղաքացիների նկատմամբ բռնություն էր գործադրվել նաև էլեկտրահարող սարքերով:
Երկրորդ քրեական գործը, որտեղ ևս Մասիսի հանրապետական քաղաքապետը ներգրավվել է որպես մեղադրյալ, կրկին վերաբերում է նույն օրվան՝ ապրիլի 22-ին արդեն Երևանից դուրս տեղի ունեցած բողոքի ակցիային։ Ըստ Քննչական կոմիտեի, այդ օրը ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։
Փաստաբան Հարությունյանը պնդեց՝ թե՛ Էրեբունիի, թե՛ Հայանիստ-Հովտաշատի դրվագներով քաղաքապետն անմեղ է, Էրեբունիի բողոքի ակցիային էլ չի մասնակցել: Էրեբունիի դեպքերը, ըստ նրա, տեղի են ունեցել Դավիթ Համբարձումյանի տնից մոտավորապես 100 մետր հեռավորության վրա, և «դատախազությունը տեղակայումն է հանել մեր պաշտպանյալի հեռախոսահամարի սպասարկման ու ասում է, թե՝ «նայեք, հավաստող ապացույց է առ այն, որ Դավիթ Համբարձումյանը գտնվել է, համապատասխանաբար, դեպքի վայրում», ու բոլորովին անտեսելով էն հանգամանքը, որ էդ օրը եղել է կիրակի օր, ոչ աշխատանքային օր, մարդը գտնվել է իր տանը»:
Ինչ վերաբերում է Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկին տեղի ունեցած բողոքի ակցիային, ապա ի տարբերություն Էրեբունիի, ըստ փաստաբանի, քաղաքապետը շտապել է այդ վայր, քանի որ տեղեկացել է, որ այնտեղ են գտնվում նաև Մասիսի բնակիչները․ - «Քաղաքի բնակիչների մասին տեղեկանալով, մարդը, հանդիսանալով քաղաքապետ՝ իր դիրքից ելնելով, իր պարտավորությունն է համարել ներկա գտնվել էդտեղ, հասկանալ՝ ինչում է խնդիրը, որովհետև տեղեկացրել են նրա մասին, որ էդ հավաքը ոչ միայն իրականացվում է, այլ նաև լարված է, և այլն, և այլն: Էդ նկատառումներից ելնելով՝ ինքը մեկնել է էդ համապատասխան վայրը՝ Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի էդ հատման վայրը»:
Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հրազենային վիրավորում է ստացել Էջմիածին քաղաքի 60-ամյա մի բնակիչ։
Հայանիստ-Հովտաշատի դրվագով անցնում է նաև քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Փաստաբան Զորայր Հարությունյանն ասաց՝ երկու եղբայրն էլ զենքի հետ կապ չունեն, անգամ գործով անցնող այլ անձինք են նշել, որ նրանց ձեռքին զենք չեն տեսել: «Սակայն դա աբսուրդի դաշտից է՝ էն հանգամանքից ելնելով, որ անգամ էն փաստական տվյալները, որոնք էս պահին կան, թեև չստուգված են, թեև արժանահավատ չեն, անգամ էդ պայմաններով, հաշվի առնելով դրանք՝ անգամ դրանցից չի բխում էն, որ մեր պաշտպանյալի մոտ եղել է զենք կամ ինչ-որ առարկա, որը որպես զենք է օգտագործվել: Կամ եղբոր մոտ», - նշեց փաստաբանը:
Ըստ Հարությունյանի, սակայն, քաղաքապետի եղբայրը ևս Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկում է գտնվել, քանի որ փորձել է մեղմել լարվածությունը։
Մինչդեռ, ըստ Քննչական կոմիտեի, Գոռ Համբարձումյանը Հայանիստ Հովտաշատ խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունից զատ, մասնակցել է նաև Երևանի Հերացի փողոցի վրա տեղի ունեցած անկարգությանը։ Հեղափոխության օրերին «Ազատության» տեսախցիկը արձանագրել էր, թե ինչպես են թանկարժեք ավտոմեքենաներից մի խումբ տղամարդիկ դուրս գալիս և ծեծկռտուքի բռնվում փողոցը փակած երիտասարդների հետ։
Փաստաբան Հարությունյանն ասում է, թե Գոռ Համբարձումյանը հիվանդանոց էր շտապում․ - «Իր բացատրություններով էլ՝ Գոռ Համբարձումյանի, ինչպես նաև տեղում գտնվող անձանց ցուցմունքներով, վկաների, ականատեսների, այնպես էլ՝ տուժողների, հայտնվում է, որ մարդը ուղևորվում էր դեպի հիվանդանոց, իր ճանապարհը փակել էին, ինքը մի քանի անգամ հորդորում է, որպեսզի ճանապարհը բացեն, որովհետև հիվանդանոց է ուղևորվում և շտապ է, որից հետո վիճաբանություն է առաջանում, նաև՝ որոշակի քաշքշոց, և հարվածներ, և այլն»:
Մինչդեռ, ըստ Քննչական կոմիտեի տարածած տեսանյութի, քննիչ Սարգիս Մարգարյանը պարզաբանում է, որ Գոռ Համբարձումյանը բռնություն է գործադրել բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների նկատմամբ․ - «Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Հովտաշատ և Հայանիստ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանությանը մասնակցել է Համբարձումյանի եղբայր Գոռ Համբարձումյանը, և նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով Երևան քաղաքի Հերացի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքով Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել, Երևան քաղաքի քննչական վարչության պետի պահանջով քրեական գործը ստացվել է ծանր հանցագործությունների քննության բաժին, միացվել մեկ վարույթում, և Գոռ Համբարձումյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է»:
Ընդհանուր առմամբ՝ քրեական գործով տուժող է ճանաչվել 13 անձ, 12 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հաղորդում է Քննչական կոմիտեն։