«Տեսակետների խաչմերուկում» քննարկվում են «Մարտի 1»-ի գործում վերջին զարգացումները

Հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել նոր քրեական գործ հարուցելու և այն «Մարտի 1»-ի գործին միացնելու, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ այն բանի համար, որ նա «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը»:

Շատերը նշում են, թե առանցքայինը այստեղ, անշուշտ, ոչ թե Միքայել Հարությունյանն է, այլ այն, որ նրան ներկայացվող մեղադրանքը ուղիղ ճանապարհ է դեպի Ռոբերտ Քոչարյան, որն այն ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարն էր:

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկում» զրույցը Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար Արմեն Խաչատրյանի և 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանը և բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող նախկին Փաստահավաք խմբում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ է: