Աշխարհի առաջնությանը հրաժեշտ է տալիս նաև Բրազիլիան. առաջին կիսաեզրափակիչը՝ Ֆրանսիա-Բելգիա

Դրվագ Ֆրանսիա-Ուրուգվայ խաղից, Նիժնի Նովգորոդ, 6-ը հուլիսի, 2018թ.

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հրաժեշտ են տալիս նաև աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի և կրկնակի չեմպիոն Ուրուգվայի հավաքականները։

Քառորդ եզրափակիչի խաղում ուրբաթ ուշ երեկոյան Բելգիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Բրազիլիայի թիմի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 10-ին կհանդիպի Ֆրանսիայի ընտրանու հետ։

Ֆրանսիան նույն օրը ավելի վաղ 2:0 հաշվով հաղթեց Ուրուգվային։

Աշխարհի առաջնությանը նախորդ փուլերում արդեն հրաժեշտ են տվել աշխարհի քառակի և գործող չեմպիոն Գերմանիայի, Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի, աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայի, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Իսպանիայի ընտրանիները։

Շաբաթ օրը կկայանան քառորդ եզրափակիչի Շվեդիա-Անգլիա և Ռուսաստան-Խորվաթիա խաղերը, որոնցում հաղթողները հուլիսի 11-ին կհանդիպեն երկրորդ կիսաեզրափակիչում։