Այսօր ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ քառորդում Նիժնի Նովգորոդում տեղի է ունեցել Ուրուգվայի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպումը: Արդեն հայտնի է կիսաեզրափակիչ դուրս եկած առաջին ընտրանին․ Ֆրանսիան՝ Վարանի և Գրիզմանի գոլերի շնորհիվ հաղթել է Ուրուգվայի թիմին:
Իսկ երեկոյան Երևանի ժամանակով ժամը 10-ին Կազանում մրցելու են Բրազիլիայի և Բելգիայի հավաքականները:
Վաղը Սամարայում խաղալու են Շվեդիան և Անգլիան, իսկ Սոչիում՝ Ռուսաստանն ու Խորվաթիան:
Եվ եթե խորվաթների հզոր ու գեղեցիկ խաղը երաշխավորում են համաշխարհային մակարդակի աստղեր՝ Մանջուկիչը, Մոդրիչը, Ռակիտիչը, ապա ռուսաստանյան թիմի ուժեղ կողմն է գերագույն կենտրոնացումը, ֆիզիկական լավ մարզավիճակը, հուսալի պաշտպանությունը, կարգապահությունն ու կազմակերպվածությունը:
Ու դրան գումարած՝ հայրենիքում խաղալու հանգամանքը, որն ադրենալինի և ոգևորության անսպառ աղբյուր է:
Առաջնության առաջին փուլում հենց ռուս մեկնաբաններն էին նշում, որ խմբից դուրս գալն ինքնին կլինի մեծ նվաճում, բայց 11-մետրանոցներով իսպանացիներին հաղթելուց հետո այսօր արդեն Ռուսաստանում ոմանք նույնիսկ չեմպիոնության մասին են երազում:
Մինչդեռ, ռուսների համար սա բոլոր դեպքերում հաղթանակ է, ինչպես ամերիկացիները կասեն՝ win-win:
Հաղթի հավաքականը՝ դա կլինի սուպերնվաճում, պատմական, դարակազմիկ իրադարձություն, չհաղթի՝ Մոսկվան արդեն ունի մեծ ձեռք բերում, խոսքը ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության անցկացման մասին է, մրցաշար, որը PR-ի տեսակետից չափազանց բարենպաստ է Կրեմլի համար:
Նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է մի խումբ լեգենդար ֆուտբոլիստների՝ ուրուգվայցի Դիեգո Ֆորլանին, գերմանացի Լոտար Մատեուսին, հոլանդացի Մարկո Վան Բաստենին, խորվաթ Զվոնիմիր Բոբանին, մեքսիկացի Խորխե Կամպոսին, դանիացի Պետեր Շմեյխելին, անգլիացի Ռիո ֆերդինանդին, անգլուհի Ալեքսանդրա Սքոտին, ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ ու մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին:
Հանդիպման ընթացքում Պուտինն ասել է, որ շնորհիվ աշխարհի առաջնության՝ շատ կարծրատիպեր Ռուսաստանին մասին պարզապես հոդս են ցնդել:
«Մարդիկ տեսան, որ Ռուսաստանը հյուրասեր երկիր է, բարյացակամ բոլոր նրանց հանդեպ, ովքեր ժամանել են, իհարկե, մեծավ մասամբ դա մեր ֆուտբոլասերների ջանքերի արդյունքն է»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը նաև կատակով ասել է, որ երբ մամուլը հեռանա ընդունելության դահլիճից, ինքը կխնդրի հյուրերին, ովքեր պրոֆեսիոնալներ են, ասել, թե ով, իրենց կարծիքով, կհաղթի:
Գովեստի խոսքեր են շռայլել նաև Կրեմլի հյուրերը: «Մենք բոլորս սիրահարվել ենք Ռուսաստանին, բոլորն, ովքեր ժամանել են առաջնության՝ հայտնաբերել են մի նոր երկիր, որը չգիտեին», - ասել է ՖԻՖԱ-ի նախագահն Ջանի Ինֆանտինոն:
Գերմանացի Լոտար Մաթեուսն էլ ասել է, թե 5 անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին որպես մարզիկ և 5 անգամ՝ որպես պաշտոնյա:
«Սա ամենալավ առաջնությունն է, որը տեսել եմ, շնորհակալ ենք ձեզ, պարոն նախագահ»,- ասել է Մաթեուսը: