Սյունիքի մարզ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից ժամեր անց հրաժարական է տվել Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց քաղաքապետի մամուլի քարտուղար Արմինե Ավագյանը:
Երեկ Կապանում վարչապետի հետ հանդիպմանը տեղացիները սուլոցներով էին դիմավորել ՀՀԿ-ական քաղաքապետին:
«Դուք ՀՀԿ-ի դրածոն եք», «Ձեր ռեժիմը անցյալում է», հրապարակից վանկարկում էին կապանցիները:
Պաշտոնաթող քաղաքապետը ֆեյսբուքի իր էջում գրել է․ - «... իմ անելիքների ու պարտականությունների, ՏԻՄ լիազորությունների սահմանում համայնքի ղեկավարին տրված հնարավորությունների շրջանակում գործելու, սկսած ծրագրերն իրականացնելու, համայնքի մասին՝ իմ ունեցած տեսլականին հասնելու պատկերացումներն այլ են, այսօր մեր համայնքի բնակիչների ակնկալիքները, սպասումներն ու դրանց հասնելու ճանապարհների մասին պատկերացումները՝ այլ...»: