Վարչապետ․ Մենք ինչ-որ մեկի ընտանիքի հետևից չենք գնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արենի գյուղում պատասխանել է «Ազատության» հարցերին:

«Ազատություն»․ - Պարոն վարչապետ, իրավապահների գործողությունների մասով նախկին իշխանություններից, մասնավորապես Սերժ Սարգսյանը փորձե՞լ է Ձեզ հետ կապ հաստատել: Արդեն իր ընտանիքին են հասել այս գործողությունները:

Փաշինյան․ - Ոչ: Որևէ մեկը չի փորձել ինձ հետ կապ հաստատել: Բայց ես Ձեր ձևակերպումը զուտ իրավական առումով էդքան էլ տեղին չեմ համարում, որովհետև մենք ինչ-որ մեկի ընտանիքի հետևից չենք գնում, և ինչ-որ անհատի հետևից չենք գնում: Մենք գնում ենք իրավապահ մարմինների ունեցած ահազանգերի, դիմումների և օպերատիվ տեղեկատվության հետևից:

«Ազատություն»․ - Ես նկատի ունեի, որ խնդրեն, որ քաղաքական լուծում տրվի:

Փաշինյան․ - Կարծում եմ, բոլորը գիտեն, որ այդպես չի լինի, և անիմաստ է որևէ հարցով դիմել: Մեր վրա պլան չի դրած, որ մենք պետք ա էսքան բացահայտում անենք: Խնդիրը այլ կերպ է դրված՝ երկրում պետք է լինի օրինականություն, իրավապահ մարմինները պետք է արդյունավետ աշխատեն: Այս երկու սկզբունքի շրջանակներում ինչ տեղի կունենա, դա մեր պլանավորման խնդիր չէ, իրողություններից բխող խնդիր է:

«Ազատություն»․ - Դուք, երկարամյա ընդդիմադիր գործիչ լինելով, բարձրաձայնելով թալանի մասին, այնուամենայնիվ այսպիսի ծավալ պատկերացնո՞ւմ էիք:

Փաշինյան․ - Ծավալների մասին, ճիշտն ասած, դեռ չեմ կարող հետևություններ անել, բայց ես որոշ դեպքերում գործելակերպի ցինիզմից ուղղակի ցնցված եմ:

«Ազատություն»․ - Կա՞ն արդեն տվյալներ, թե ինչքան է բյուջե վերադարձվել:

Փաշինյան․ - Ոչ: Կամփոփվեն առաջին արդյունքները՝ կասվի: Ես վախենում եմ սխալվել ուղղակի․․․ տասնյակ միլիոններ պետք է լինի:

«Ազատություն»․ - Դուք հաջորդ շաբաթ Բրյուսել եք գնում: Երևանը ի՞նչ օրակարգով է գնում ՆԱՏՕ-ի հավաքին:

Փաշինյան․ - Մենք ՆԱՏՕ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելություններ ենք իրականացնում, և միջոցառումն էլ այդ առաքելությանն է նվիրված: Իսկ Եվրամիության շրջանակներում օրակարգը մեր երկկողմ հարաբերությունների խնդիրն է, մեր կնքած պայմանագրերի իրագործման և հետագա համագործակցության խնդիրները:

«Ազատություն»․ - Ամուլսարի հարցով կողմերը չուզեցան զիջումների գնալ․․․

Փաշինյան․ - Ես իմ դիրքորոշումը, ըստ էության, արդեն ասացի․ պետք է քննարկենք և խնդիր էությունը հասկանանք: Ես համաձայն չեմ, որ առանց խնդրի էությունը խորապես և փաստարկված, փաստերի վրա հիմնվելով հասկանալու, որևէ որոշման մասին խոսք կարող է լինել: Ցավում եմ, որ այդպիսի դիրքորոշումներ ունեն: Ես հույս ունեմ, որ համակագործակցության դաշտ կա: Անպայման [պետք է ստեղծվի փաստահավաք խումբը], մենք պետք է փաստեր ունենանք՝ անկախ նրանից, թե կողմերը ինչպիսի դիրքորոշումներ ունեն: Մենք մեր դիրքորոշումն ունենք, որը չի փոխվում: Պետք է փաստերը լինեն անառարկելի և համոզիչ:

Անդրադառնալով սահմանային դիրքերում տիրող իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ - «Ինձ ամեն օր են զեկուցում այդ իրավիճակի մասին, և ինչ որ նախկինում ասել եմ, նոր բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Կա որոշակի քաղաքական և ռազմաքաղաքական լարվածություն, և սրանով ամեն ինչ ասված է: Ես ուզում եմ, որ մենք այս իրավիճակը ո՛չ գերագնահատենք, ո՛չ էլ թերագնահատենք: Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ արձանագրել են, որ ըստ էության մենք խաղաղության պայմանագիր չունենք, մենք ունենք ընդամենը զինադադար, հրադադար: Եվ ունենք հրադադարի խախտման դեպքեր անընդհատ հրադադարի հաստատումից գործնականում անմիջապես հետո»: