Ալիևը հանձնարարել է միջազգային աուդիտ անցկացնել երկրի էներգետիկ համակարգում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է միջազգային աուդիտ անցկացնել երկրի էներգետիկ համակարգում, որը վերջին օրերին շարքից դուրս է եկել գլխավոր՝ Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Ադրբեջանի կառավարությունը հայտնում է, որ էներգետիկ համակարգի վթարը հանգեցրել է կորուստների նավթային արդյունաբերությունում։

Փոխվարչապետ Յագուբ Էյուբուվի խոսքով՝ վթարի պատճառով դադարեցվել են SOCAR-ի գործարանների բոլոր նավթամշակման աշխատանքները:

Ադրբեջանի էներգետիկ համակարգում ստեղծված ճգնաժամի ֆոնին, ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, Վրաստանը կրկնակի մեծացրել է Ադրբեջանին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները:

Հուլիսի 3-ին` հաշվված րոպեների ընթացքում ամբողջությամբ հոսանքազրկվեցին Ադրբեջանի բոլոր խոշորագույն բնակավայրերը` մայրաքաղաք Բաքուն, որտեղ ավելի քան 2 միլիոն մարդ է ապրում, նաև մեծությամբ երկրորդ քաղաքը` Գյանջան, Սումգայիթը, ողջ Ապշերոնի թերակղզին և երկրի կենտրոնական հատվածը` ընդհանուր առմամբ 39 շրջան: