Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը կալանավորվել է

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը, արխիվ

«Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը կալանավորվել է, նրան առաջադրվել է մեղադրանք մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբով դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելու հոդվածով (Քր․ դատ․ օր․ 112-րդ հոդվածի 2 մասի 6-րդ կետ), «Ազատության»-ը փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Քննչական մարմնից դեռ չեն պարզաբանում, թե արդյոք գործով որևէ կարգավիճակ ունի նաև Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել էր 3 օր առաջ։ Ոստիկանությունը, ապա Քննչական կոմիտեն հաղորդել էին, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա տղամարդ:

Հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր»։

Ոստիկանությունը նշում էր, որ ըստ տուժողի հաղորդման, նրան նախ «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։

Տե՛ս նաև այստեղ