ՊՆ խոսնակ․ Հայկական զինված ուժերը սպառազինման լայնածավալ ծրագիր ունեն

«Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի հերթական թողարկման հյուր Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն է:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի զարգացումների առնչությամբ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում բարձրաձայնվող անհանգստությանը՝ Հովհաննիսյանն ասաց․ - «Անհանգստություն ես էլ ունեմ: Անհանգստություն ունի ցանկացած զինվորական, որովհետև ի վերջո հակառակորդը զինվում է, պատրաստվում է, շարժվում է, փորում է․․․ պատրաստվում է պատերազմի: Եվ նա չի թաքցնում դա, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երբեք չի թաքցրել, որ ինքը պատրաստվում է «հետ նվաճի իր կորցրածը»: Հակառակորդի նմանատիպ գործողություններին պետք է պատրաստ լինել ցանկացած րոպեի, որովհետև երկու կողմի ուժերն ու միջոցները բավականին խիտ են: Բայց միևնույն ժամանակ ասել, որ հենց վաղը կամ մյուս օրը կամ առաջիկա մեկ շաբաթում կամ տասը օրում դրա հավանականությունը շատ ավելի բարձր է, քան մեկ ամիս առաջ էր, այդքան էլ այդպես չի»:

Օգտատերերին հետաքրքրում է նաև հայկական բանակի համար նոր զինատեսակների ձեռք բերման հետ կապված հարցեր: Այս առնչությամբ Արծրուն Հովհաննիսյանն ասաց․ - «Ես չեմ կարող ասել, թե որ զինատեսակը երբ կունենք․․․ շատ լավ հասկանում եք, որ դա ռազմական գաղտնիք է: Ինչպես վերջերս հայտարարեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ գեներալ-մայոր Դավթյանը, շատ հստակ մենք ամեն օր զինվելու ծրագրեր ունենք: Մենք ունենք զենք-զինամթերք, որը էս պահին մատակարարվում է, ունենք զենք-զինամթերք, որը մատակարարման պայմանագրերի կնքման փուլում է, ունենք զենք-զինամթերք, որի ձեռք բերման համար բանակցում ենք և այլն, և այլն: Դա մշտական գործընթաց է: Հայկական զինված ուժերը սպառազինման լայնածավալ ծրագիր ունեն: Դրանում հատկապես ընդգրկված են հեռահար, հարձակողական, գերճշգրիտ խոցման միջոցներ, և այդ պրոցեսը մի քանի փուլով է ընթանում»:

Արծրուն Հովհաննիսյանի հետ «Ֆեյսբուքյան ասուլիսը» ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: