Եվրամիությունը երկարաձգում է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

Եվրոպական միության բարձրագույն քաղաքական կառույցը՝ Եվրոպական հանձնաժողովը, երեկ որոշել է մինչև 2019 թվականի հունվարի 31-ը երկարաձգել Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Որոշումն ընդունվել է, ինչպես կանոնն է պահանջում, գրավոր և միաձայն:

Պատժամիջոցներն առնչվում են Ռուսաստանի ֆինանսական համակարգին, էներգետիկային, պաշտպանության բնագավառին, ինչպես նաև երկակի նշանակության արտադրանքին:

Այս պատժամիջոցները Եվրոպական միությունն առաջին անգամ սահմանել է 2014 թվականի հուլիսի 31-ին և ապա խստացրել նույն տարվա սեպտեմբերին:

Պատժամիջոցների դրդապատճառը Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն է և Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուս անջատականներին ցույց տրվող աջակցությունը:

Պատժամիջոցների ենթարկված 5 խոշոր ռուսական ֆինանսական հաստատություններ, որոնք ենթարկվում են պետությանը, այդ հաստատությունների քույր-կազմակերպություններն ու մասնաճյուղերը, ռուսական երեք խոշոր էներգետիկ կառույցներ և պաշտպանության համակարգի երեք ընկերություն կունենան Եվրոպայի հիմնական և երկրորդային ֆինանսական շուկա մուտք գործելու խիստ սահմանափակ հնարավորություն:

Եվրամիությունը սահմանում է Ռուսաստանի հետ զենքի, ինչպես նաև երկակի նշանակության արտադրանքի առևտրի արգելք:

Եվրոպական միությունը Ռուսաստանին զրկում է «զգայուն» տեխնոլոգիաներիցև ծառայություններից օգտվելու հնարավորությունից: Խոսքն այն տեխնոլոգիաների մասին է, որոնք ռուսները կարող են կիրառել նաև նավթի հետախուզման և արդյունահանման նպատակով:

Դրանից զատ, Եվրամիությունը երկարաձգում է հասցեական պատժամիջոցները կոնկրետ անձանց նկատմամբ՝ սառեցնելով նրանց բանկային հաշվեհամարները և զրկելով վիզաներից:

Այս պահին հասցեական պատժամիջոցների ցանկում 155 անձ է և 38 ընկերություն:

Մոսկվան, բնականաբար, դատապարտել է Եվրոպական խորհրդի վճիռը: «Մեր երկրի նկատմամբ պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու Եվրոպական խորհրդի որոշումը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցողական վերաիմաստավորման ևս մեկ կորցված հնարավորություն է»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: