Փաշինյան․ Հայաստանում իշխանների, իշխանիկների ժամանակը անցել է

Սահմանադրության օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացնում է Հայաստանի հարավում: Վաղ առավոտյան նա ուղղաթիռով ժամանեց Սյունիքի մարզ և հավաքներ անցկացրեց Սիսիանում, Գորիսում, Կապանում, Քաջարանում: Սա վարչապետի պաշտոնում նրա առաջին այցն է Սյունիք, թավշյա հեղափոխության օրերին ևս Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթը այս մարզով չի անցել:

Վարչապետը ելույթներով հանդես եկավ իր այցելած քաղաքների կենտրոնական հրապարակներում, պատասխանում տեղացիների հարցերին:

«Հայաստանում տեղական իշխանների, իշխանիկների ժամանակը անցել է, ֆեոդալների ժամանակը անցել է», - այսօր Գորիսում հանրության հետ հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: - «Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ է և հպարտ է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պատասխանատու է իր երկրի համար, և մենք իրար հետ այդ պատասխանատվությունը անմնացորդ կրելու ենք: Սա՛ է մեր հիմնական ուղերձը»:

Վարչապետը հայտարարեց՝ Հայաստանի Հանրապետությունում «անձեռնմխելի մարդիկ այլևս չկան ու չեն լինելու»: - «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով է կատարել օրինախախտում և հանցագործություն: Ցանկացած՝ հանցագործություն կատարած մարդ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Եվ ես այս դիրքորոշման մեջ ակնկալում եմ, որ ժողովուրդը ամուր կկանգնի կառավարության կողքին, ամուր կկանգնի իմ կողքին, որպեսզի մենք Հայաստանում բեսպրեդելի վերջը տանք և արմատախիլ անենք», - հավելեց Փաշինյանը:

Հավաքված քաղաքացիներից մեկը հարցրեց՝ «Պարո՛ն Փաշինյան, Լիսկային վերաբերվումա՞ դա»:

«Բոլորինա վերաբերվում», - արձագանքեց վարչապետը: - «Եթե դուք նկատեք, թե ինչպես է մեզ հաջողվել հասնել նրան, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, շատ պարզ ձևով՝ որովհետև կառավարությունը ունի ձեր աջակցությունը, ժողովրդի աջակցությունը: Որովհետև ես, որպես վարչապետ, այսօր որևէ մեկից որևէ կախվածություն չունեմ և իմ միակ կախվածությունը ժողովրդից է»:

Գորիսի քաղաքապետարանում վարչապետ Փաշինյանը խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի մարզի համայնքների, գյուղերի, քաղաքների ղեկավարների հետ, անդրադարձավ Երևանում իրավապահների իրականացրած գործողություններին, ձերբակալություններին: Փաշինյանը, մասնավորապես, ասաց, որ իրենց խնդիրը բանտերը մարդկանցով լցնելը չէ:

«Մեր նպատակը մեր երկրին և պետությանը հասցված վնասը վերականգնելն է, սա է մեր առաջնային նպատակը», - հավելեց վարչապետը:

Գորիսից վարչապետը ուղղաթիռով ուղևորվեց Մեղրի, որտեղ այցելեց անցած տարի հայ-իրանական սահմանում գործարկված ազատ տնտեսական գոտի: Փաշինյանը շրջեց տնտեսական գոտում, որոշ դիտողություններ արեց և հանձնարարականներ տվեց:

Վաղը Հայաստանի ղեկավարը Սյունիքից ուղևորվելու է Վայոց ձորի մարզ, լինելու է Ամուլսարի հանքավայրում, որտեղ, հիշեցնենք, մեկ շաբաթից ավելի է՝ բողոքի ցույցեր են ընդդեմ ոսկու հանքի շահագործման, ակտիվիստները փակել են հանքավայր տանող ճանապարհը: «Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: