Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում վաղը մեկնարկում են վճռական խաղերը

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ Զաբիվակա գայլի արձանը Մոսկվայում, հունիս, 2018թ․

Բրազիլիա, Ֆրանսիա կամ միգուցե մեկ այլ հավաքական` ո՞վ կդառնա 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը: Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն և գերմանացի Լոթար Մաթեուսը Մոսկվա են ժամանել ՖԻՖԱ -ի կազմակերպած միջոցառումներից մեկին մասնակցելու համար, միաժամանակ՝ անդրադարձել Ռուսաստանում ընթացող առաջնությանը:

Բրազիլացիների խաղը մինչ այս պահը այնքան էլ հաջող չէր, սակայն հենց իրենք կլինեն առաջնության հաղթողը, վստահ է Ռոնալդոն: «Բրազիլիան անշուշտ պատրաստ է վճռական խաղերին: Հնարավոր է նույնիսկ բոլորից էլ լավ է պատրաստվել և իսկապես արժանի է հաղթանակի: Մինչ այս պահը, ինձ թվում է, նրանք խնայել են իրենց ուժերը, սպասում էին և շատ գոլեր չէին խփում խփում: Հաղթողը կլինեն իրենք՝ չնայած հայրենիքում նրանց շատ են քննադատում», - ասում է լեգենդար ֆուտբոլիստը:

Առաջնության գլխավոր սենսացիան դարձավ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի, Պորտուգալիայի, Արգենտինայի հավաքականների դուրս մղվելը: Հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ այս առաջնությունում այլևս ինտրիգ չկա, Լոթար Մաթեուսը, ով համարվում է ոեկորդակիր աշխարհի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով՝ 25, պատասխանում է․ - «Կարծում եմ՝ Բրազիլիան հիանալի է խաղում: Ես նախապատվությունը տալիս եմ նրանց, նաև Ֆրանսիայի հավաքականին՝ Արգենտինայի հետ խաղում փայլուն դրսևորեցին իրենց: Այնպես որ, ո՛չ: Առաջնությունում դեռևս բազմաթիվ լավ խաղացողներ կան: Մենք կկարոտենք Մեսիին, Ռոնալդուին, միգուցե նաև գերմանացիներին, բայց բազմաթիվ հրաշալի մարզիկներ են շարունակում խաղալ»:

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարը շարունակում են Անգլիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Ռուսաստանի, Ուրուգվայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի և Շվեդիայի հավաքականները: Քառորդ եզրափակիչում վաղը տեղի կունենան Ուրուգվայ-Ֆրանսիա և Բրազիլիա-Բելգիա, հուլիսի 7-ին՝ Շվեդիա-Անգլիա և Ռուսաստան-Խորվաթիա հանդիպումները։

Հուլիսի 15-ին նախատեսված է առաջնության եզրափակիչը։