ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վստահ է՝ Հայաստանի պատմության մեջ բացված նոր էջը հետաքրքրություն կառաջացնի ամերիկյան գործարար շրջանակներում՝ և՛ ներդրումների, և՛ առևտրի ոլորտում։ Դեսպանը, ով նախորդ շաբաթ մասնակցել է Վաշինգտոնում Սիմիթսոնյանի ժողովրդական փառատոնին, ասում է՝ թե՛ ամերիկահայ, թե՛ այլ գործարարներից լսել է, որ Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա:
«Եթե Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ լինի իր հանձնառություններին՝ արդարացի հասարակություն ձևավորելու, հավասար պայմաններ ապահովելու, կոռուպցիան վերացնելու ուղղությամբ, ապա նրանց կողմից իրապես մեծ հետաքրքրություն կա Հայաստանի մասով», - ասաց դեսպանը, ով չորեքշաբթի երեկոյան Կասկադում մասնակցում էր ԱՄՆ Անկախության տոնին նվիրված համերգին:
Միլսն ընդգծեց՝ ամերիկացի գործարարներին հետաքրքրում են այն ոլորտները, որոնք կարևորում է Հայաստանի կառավարությունը՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան: Ասաց նաև՝ վստահ է, որ Միացյալ Նահանգներից առևտրի և ներդրումների ծավալի ավելացում պետք է ակնկալել։
«Ազատության» հարցին՝ Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Մայք Փոմփեոն խոստացել է քննարկել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին օժանդակություն տրամադրելու հնարավորությունը, կա՞ որևէ նորություն այս մասին, դեսպանն արձագանքեց՝ որևէ նոր տեղեկություն չունի: Միլսի խոսքով, սակայն, Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել, որպեսզի Հայաստանը լիովին համապատասխանի այդ ծրագրի պահանջներին։
«Դրանք այն փոփոխություններն են, որոնք Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը ցանկանում է իրականացնել։ Դրանք փոփոխություններ են, որոնք առավել արդարացի են դարձնում հասարակությունը, փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են հենց Հայաստանի համար, և դրանք այն փոփոխություններն են, որ մարդիկ ցանկանում են իրենց երկրի համար և ոչ նրա համար, որ սոսկ կարողանան «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրից օգտվելու իրավասություն ստանալ», - շեշտեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը: