Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի հարավ, այսօր Հայաստանի ղեկավարը մի շարք հանդիպումներ կանցկացնի Սյունիքի մարզի քաղաքներում:

Հայաստանի Սահմանադրության օրը վարչապետը Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի հրապարակներում, Քաջարանում էլ դահլիճային ձևաչափով հանդես կգա ելույթներով, կպատասխանի տեղացիների հարցերին:

Նիկոլ Փաշինյանն արդեն Սիսիանում է, ժամանեց ուղղաթիռով:

Որպես վարչապետ՝ սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Սյունիք, մարզը ներառված չէր թավշյա հեղափոխության օրերին Փաշինյանի երկշաբաթյա քայլերթի ծրագրում:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնելու Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ, այցելելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, ինչպես նաև դեռ նախորդ իշխանությունների օրոք հայ-իրանական սահմանին գործարկված «Մեղրի» ազատ տնտեսական գոտի: Անցյալ տարի գոտու բացմանը այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե սա հնարավորություն է, որպեսզի իրանցի գործարարները ազատ տնտեսական գոտում բիզնես սկսեն և արտահանում կատարեն դեպի Եվրոպա և եվրասիական երկրներ:

Վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Վայոց ձորի մարզ, լինելու է Ամուլսարի հանքավայրում, որտեղ երկու շաբաթ է բողոքի ցույցեր են` ընդդեմ հանքի շահագործման: «Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: