Պաշտպանության նախկին փոխնախարար, մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ՀՔԾ֊ն ճիշտ տեղից է սկսել գործի բացահայտումը՝ մարտի 1֊ի գործով որպես մեղադրյալ ներգրավելով հենց պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին:
Մինչև արտակարգ դրություն սահմանելու Ռոբերտ Քոչարյանի մարտի 1֊ի հրամանագիրը, 2008֊ի փետրվարի 23֊ին հույժ գաղտնի «0038» հրամանը հենց Միքայել Հարությունյանն է ստորագրել, որով բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի, եթե հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը պատվի զգացում ունի, պետք է գա Հայաստան: Նույնը, նրա խոսքով, վերաբերում է նաև Ռոբերտ Քոչարյանին, եթե նա խուսափի հարցաքննությունից՝ կդառնա սովորական հանցագործ:
Ստորև ներկայացնում ենք Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցից մի հատված, ինչպես նաև հարցազրույցի ամբողջական տեսագրությունը:
«Ազատություն»․ - Ինչո՞ւ սկսել հենց Միքայել Հարությունյանից, ինչո՞ւ հենց նրան որպես մեղադրյալ ներգրավել, եթե՝ հենց Ձեր Փաստահավաք խմբից մեջբերումն անում եմ՝ Քոչարյանի հրամանով մարտի 1-ին Երևան քաղաքում 20-օրյա արտակարգ դրություն սահմանվեց և դրա ապահովումը վերապահվեց զինված ուժերին, մինչդեռ զինված ուժերի ներգրավումը հնարավոր է միայն ռազմական դրության դեպքում և ոչ թե արտակարգ դրության դեպքում, և ռազմական դրություն էլ կարող է հայտարարվել միայն այն ժամանակ, եթե կա Հայաստանի վրա անմիջական հարձակում, նման վտանգի առկայություն կամ պատերազմ է հայտարարված: Երեքն էլ առկա չեն եղել, և հետևաբար, Քոչարյանը, ըստ Ձեր զեկույցի, հակասահմանադրական հրաման է տվել: Այս դեպքում ինչո՞ւ գործով ներգրավված մեղադրյալ չէ Ռոբերտ Քոչարյանը և Հատուկ քննչական ծառայությունը սկսել է Միքայել Հարությունյանից:
Անդրանիկ Քոչարյան․ - Այս «0038» հրամանը, երբ որ հայտնվեց մեր ձեռքում՝ իմ և տիկին Սաֆարյանի, մենք հասկացանք, որ փետրվարի 23-ին է այս հակասահմանադրական հրամանը ստորագրվել: Բանակի ներգրավման հրամանը Ռոբերտ Քոչարյանը, երբ որ Մոսկվայից վերադարձավ Հայաստան՝ այդ խորհրդակցության կադրերը բոլորդ հիշում եք, ինքը հավաքել էր ուժային բլոկի բոլոր բարձրաստիճան զինվորականներին, ոստիկաններին, Ազգային անվտանգությանը և հրահանգավորել՝ ով ինչ պետք է անի: Բայց Միքայել Հարությունյանն էր, որ ստորագրել էր այս գաղտնի՝ խիստ գաղտնի հրամանը, որը երբևիցե պետք է ոչ մի ձև իր արտացոլումը չգտներ հանրության մոտ:
«Ազատություն»․ - Բայց արտահոսք եղավ, հրապարակվեց, երկու մարդ դատապարտվեց դրա համար:
Անդրանիկ Քոչարյան․ - Դատապարտվեցին չգիտեմ ինչի համար: Բայց դատապարտվեցին հատկապես այս արտահոսքի համար, բայց մենք հնարավորություն ունեցանք ամբողջ քայլերի հաջորդականությունը պատկերացնել, թե ոնց է սկսվել: Սկսվել է փետրվարի 23-ից, դրա համար էլ Միքայել Հարությունյանից պետք է սկսել: Միքայել Հարությունյանը, ինչպես մեզ մոտ ասաց, որ հրամանի պարտադրանք եղել է Ռոբերտ Քոչարյանի կողմից:
«Ազատություն»․ - Անունը տվե՞լ է:
Անդրանիկ Քոչարյան․ - Անունը չի տվել, բայց գերագույն գլխավոր հրամանատար, բնականաբար, բոլորս էլ գիտենք, որ մի մարդ է լինում՝ դա Հանրապետության այն ժամանակվա գործող նախագահն էր:
«Ազատություն»․ - Այսինքն, եթե Միքայել Հարությունյանին հայտնաբերեն և բերեն հարցաքննության և նա կրկնի այն, ինչ ասել է Ձեզ, որ՝ գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի ցուցումով եմ ես այդ «0038» ապօրինի հրամանը ստորագրել, հնարավոր կլինի նաև մեղադրյալ ներգրավել Քոչարյանի՞ն:
Անդրանիկ Քոչարյան․ - Եկեք մենք առաջ չընկնենք, ես համոզված եմ, որ հայտնաբերելու խնդիր չի առաջանալու:
«Ազատություն»․ - Հայաստանից բացակայում է Միքայել Հարությունյանը՝ հետախուզման մեջ է: Կարծում եք՝ նրան հնարավոր կլինի՞ բացահայտել:
Անդրանիկ Քոչարյան․ - Բացահայտելու խնդիր պետք է չլինի: Միքայել Հարությունյանը, եթե ունի պատվի զգացում, ինքը օր առաջ պետք է գա Հայաստան, որովհետև, վերջին հաշվով, Հայաստանի պաշտպանության նախարար է եղել և իր ուսերին կան գեներալ-գնդապետի ուսադիրներ: Եթե ինքը չի գալիս, ինքը առնվազն դառնում է հանցանքն ընդունող հանցագործ, իսկ ինքը պետք է պաշտպանվի, պաշտպանվելով էլ պետք է նաև հնարավորություն տա առողջացնելու ոչ միայն բանակը, այլ նաև ընդհանրապես այդ տրամադրությունները, որ եղել են նախկինում: Ինչո՞ւ եմ դա ասում, որովհետև եթե դա իրականություն դառնա, կստացվի, որ մենք տարիներ շարունակ ունեցել ենք պատվի զգացում չունեցող պաշտպանության նախարար: Ես չեմ ուզում դրան հավատալ, անպայման կգա: Նույնը կանի նաև Ռոբերտ Քոչարյանը, որովհետև պարտավոր են գան և տան հարցերի պատասխանները:
«Ազատություն»․ - Նրա խոսնակը քիչ առաջ մեզ հետ զրույցում ասաց, որ խնդիր չունեն:
Անդրանիկ Քոչարյան․ - Եթե չեն գալիս, դառնում են սովորական հանցագործներ, ոնց որ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ եթե Տեր-Պետրոսյանը փողոցից չգնա տուն, ինքը կդառնա սովորական ընդդիմադիր: Եթե Ռոբերտ Քոչարյանը ծանուցագիրը ստանա կամ խուսափի ծանուցագիր ստանալուց և չգա իրավապահ մարմինների հարցերին պատասխանի, կստացվի սովորական հանցագործ: Ինչպես կասեր իմ ընկերներից մեկը ժամանակին՝ թեկուզ նրան բնորոշել էր որպես Սահմանադրությունը խախտող ռեցիդիվիստ, կարծում եմ այս պահին ինքը չի ավելացնի Սահմանադրության խախտման իր ցանկը, չնայած արդեն այդ ցանկը ավելացավ ևս մեկով, երբ որ բանակը մարտի 1-ին ներքաշեց ներքաղաքական զարգացումների մեջ:
«Ազատություն»․ - Դուք հույս ունեք, որ նրանք երկուսն էլ կներկայանան հարցաքննությա՞ն:
Անդրանիկ Քոչարյան․ - Ավելին՝ բայց ո՞ւր է այն ժամանակվա գլխավոր դատախազը, որը այս ամենի առաջ աչքերը փակել է: Աղվան Գառնիկովիչը պետք է օր առաջ ինքն էլ պատասխանի․․․
«Ազատություն»․ - Նա է՞լ պետք է հարցաքննվի:
Անդրանիկ Քոչարյան․ - Անպայման: Ոչ միայն պետք է հարցաքննվի, ինքը արդեն անկաշկանդ պետք է բացատրություններ տա՝ այս գործերը, որ այսքան ժամանակ կոծկվել են և չի գնացել բացահայտման, այս զեկույցը, որը դարձավ հիմք՝ այս զեկույցը 8 տարի իրենց տրամադրության տակ է եղել, մենք ուղարկել ենք բոլորին: Եթե այսքան փաստերը անհերքելի են և մեղադրանքի հիմք հանդիսացան, բա քննչական խումբը, այն ժամանակվա Հատուկ քննչական ծառայության խումբը, գլխավոր դատախազը՝ նրանք պատասխանատու չե՞ն այս գործերը կոծկելու համար: Ավելի կարևոր են նաև նրանց բացատրությունները: Հիմա՝ Միքայել Հարությունյանին հեչ ցանկալի չի, որ իր հետևից մարդիկ գնան, որովհետև պրոբլեմ է առաջանալու, որովհետև կպարզվի, որ Միքայել Հարությունյանը ոչ միայն Հայաստանի քաղաքացի է, այլև Ռուսաստանի քաղաքացի է եղել վաղուց: Այդտեղ նաև մենք կտեսնենք, որ այլ խախտումներ կան:
«Ազատություն»․ - Դուք կարծում եք, որ նա հիմա Ռուսաստանո՞ւմ է գտնվում:
Անդրանիկ Քոչարյան․ - Ես գիտեմ, որ նա Մոսկվայում բնակարան ունի և կարծում եմ, որ նա այնտեղ է: Բայց որտեղ էլ լինի, իր ընտանիքի անդամները իրեն կզգուշացնեն, որ իրենով հետաքրքրված են, անպայման իր շահերից և մեր բանակի պատվի խնդիրն է, որ ինքը գա:
«Ազատություն»․ - Անգամ եթե կալանավորելո՞ւ են իրեն, որովհետև կալանքն է խափանման միջոցը ընտրվել:
Անդրանիկ Քոչարյան․ - Այո՛, ինքը նույնիսկ կալանավորման սպառնալիքի տակ պետք է գա, կրի երկամսյա կալանքը և այդ ընթացքում փորձի պաշտպանվել, եթե կարողանա, որովհետև փաստերը այնքան շատ են: