Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով, այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ շեշտելով՝ այս պահին:
«Այս պահին հարցաքննության է հրավիրվել որպես վկա», - նշեց Խաչատրյանը:
Թեև Քոչարյանի գրասենյակը ծանուցագիր չի ստացել, բայց Հատուկ քննչական ծառայության պետը վստահեցրեց՝ ուղարկել են: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից բացակայում է, սակայն նրա գրասենյակի ղեկավարը փոխանցել է, որ Երկրորդ նախագահը հարցաքննության գնալու մեջ որևէ խնդիր չի տեսնում:
Հատուկ քննչական ծառայության պետը հայտնեց, որ Հայաստանում չէ նաև երեկ մեղադրյալի կարգավիճակ ստացած Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Սասուն Խաչատրյանը չհստակեցրեց՝ հնարավո՞ր է, որ Քոչարյանի և Հարությունյանի նկատմամաբ հետախուզում հայտարարվի:
«Չեմ կարող գաղտնազերծել մեր գործողությունների հաջորդականությունը», - նշեց նա:
«Ազատության» ճշտող հարցին՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրելո՞ւ են նույն գործով հարցաքննության, ՀՔԾ պետը արձագանքեց․ - «Չեմ կարող բացահայտել ողջ ծավալով մեր գործողությունների հերթականությունը: Ձեզ խնդրեցի ընդունել որպես սկզբունք՝ հրավիրվելու են բոլոր այն անձինք, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել Մարտի 1-ի գործի հետ կապված: Որևէ կաշկանդվածություն՝ կապված անունների, զբաղեցրած պաշտոնների հետ, չկա, և հուսով եմ, Դուք արդեն իսկ համոզվել եք դրանում»:
Մարտի 1-ի գործով օրերս հարցաքննվել է նաև այդ օրերին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը՝ վկայի կարգավիճակով: Արտակարգ դրության հայտարարումից հետո նա հեռուստաուղերձ էր հղել՝ զանգվածային անկարգություններ անվանելով հանրահավաքը:
«Ազատության» դիտարկմանը, թե նա Միքայել Հարությունյանի անմիջական ենթական լինելով չէր կարող չիմանալ «0038» գաղտնի հրամանի մասին և հարցին, թե այդ պարագայում ինչու է ընդամենը որպես վկա մնացել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց․ - «Ես այս պահին չեմ ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել: Կհրապարակվեն տվյալներ այն ծավալով, որը չի վնասի քննությանը»:
«Ազատության» հարցին, թե մտավախություններ ունի արդյոք իր, իր ընտանիքի անվտանգության առումով, Խաչատրյանն արձագանքեց․ - «Եթե ամբողջ թիմը ազնիվ է և աշխատում է կոռուպցիան արմատախիլ անելու, հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, ապա այդ թիմի մի անդամին շարքից հանելը որևէ էֆեկտի չի կարող հանգեցնել»:
Հատուկ քննչական ծառայությունը, որն արդեն տասը տարի է քննում է 2008-ի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների քրեական գործը, երեկ հայտարարեց նոր բացահայտման մասին։
Ըստ ՀՔԾ-ի, այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Դատարանը որոշում է կայացրեց երկու ամսով կալանավորել նրան։
Երեկ ՀՔԾ-ն նաև հաստատեց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ևս Հայաստանում չէ։
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:
Հատուկ քննչական ծառայության նոր ղեկավար Սասուն Խաչատրյանն օրերս հայտարարեց, որ ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու։
Արա Վարդանյանի ձերբակալության մասին
Ըստ ԱԱԾ-ի, միայն վերջին շաբաթվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018 թվականներ ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 միլիոն դրամ:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասաց, որ Վարդանյանը ցուցմունք է տվել, որ ողջ գումարը վերադարձրել է, բայց այդ տեղեկությունը պետք է ստուգվում է․ - «Իր հայտարարությամբ՝ ինքը վերադարձրել է, բայց մենք հիմա քննությունը կիրականացնենք, պարզ կլինի: Էս պահին չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել: Ունենք հստակ, որ մոտ 130 միլիոն դրամ հանել ա և խաղացել ա կազինոներում և այլն»:
Վանեցյանը հավելեց, որ ինքնին փաստը, որ Արա Վարդանյանն օգտվել է հիմնադրամի վարկային գծից, քրեորեն պատժելի է:
ԱԱԾ տնօրենն այսօր անդրադարձավ նաև Տարոն Մարգարյանի տանը իրավապահների խուզարկության մասին տեղեկություններին․ ԱԱԾ-ն քաղաքապետի տուն չի մտել, բայց Մարգարյանի հարստության մասին հրապարակված տեսանյութը քննում են․ - «Քննության ընթացքում «Երևան» հիմնադրամի հետ կապված երևույթներն էլ են հիմա ուսումնասիրվում: Եթե կլինեն խախտումներ, գնահատականը կտրվի»:
Տարոն Մարգարյանը հարցաքննության «դեռևս չի հրավիրվել»:
«Ազատության» դիտարկմանը, որ ընդդիմադիրները պնդում են, թե Մարգարյանը չի ներկայանում աշխատանքի, և հարցին, թե արդյոք հայտնի է քաղաքապետի գտնվելու վայրը, Արթուր Վանեցյանն արձագանքեց․ - «Նա Հայաստանի Հանրապետություն է: Դա միանշանակ»: