Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) պաշտոնապես դեռևս չեն ստացել Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու վերաբերյալ հրավերը, և քանի դեռ փաստաթուղթը չեն ստացել, չի կարող մեկնաբանել Քոչարյանի վկայի կարգավիճակ ստանալու` ՀՔԾ հայտարարությունը։
Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն այսօր կառավարության նիստից առաջ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա։
Վիկտոր Սողոմոնյանը շեշտեց՝ բազմիցս նախկինում նշել են, հիմա էլ պնդում են, որ հարցաքննության գնալու մեջ Ռոբերտ Քոչարյանը որևէ խնդիր չի տեսել և չի տեսնում։
Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-»ի գործով հրավիրվել է հարցաքննության:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան, երբ պաշտոնապես երկրի ղեկավարն էր Ռոբերտ Քոչարյանը, ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
Մարտիմեկյան իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:
Հատուկ քննչական ծառայության նոր ղեկավար Սասուն Խաչատրյանն օրերս հայտարարեց, որ ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու։
Երեկ ՀՔԾ-ն հայտարարեց նոր բացահայտման մասին։