Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տունը չի խուզարկվել։ Այսօր այդ մասին կառավարության նիստից առաջ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Արթուր Վանեցյանը։
«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվեց, թե Տարոն Մարգարյանի տունը խուզարկելու մասին լուրերն արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը, Վանեցյանը պատասխանեց. - «Չկա նման բան»։
Վերջերս հրապարակվել էր մի տեսանյութ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին։ Տեսանյութում նշվում էր, որ թեև 40-ամյա Տարոն Մարգարյանն իր ամբողջ կյանքի ընթացքում եղել է միայն պետական պաշտոնյա, սակայն զգալի չափով ունեցվածք է կուտակել։
Տեսանյութի հեղինակները հայտարարեցին, որ իրենց հավաքած բոլոր տվյալները փոխանցել են ԱԱԾ։ Հարցին, թե գործը հիմա ի՞նչ փուլում է, Վանեցյանը պատասխանեց. - «Ընդհանուր «Երևան» հիմնադրամի գործի քննության ընթացքում այդ երևույթներն էլ են հիմա ուսումնասիրվում, եթե կլինեն խախտումներ, գնահատականը կտրվի»։
Ճշտող հարցին, թե Տարոն Մարգարյանը հրավիրվե՞լ է հարցաքննության, Վանեցյանը պատասխանեց. - «Դեռևս ոչ»։
ԱԱԾ-ն «Երևան» հիմնադրամում անցկացրած խուզարկությունների արդյունքում պաշտոնեական լիազորությունները չարաշահման և պաշտոնական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցել ու մեղադրանք առաջադրել հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանին: ԱԱԾ-ն հաղորդում էր ստացել, որ կառուցապատման և գույքի ձևակերպման թույլտվությունների համար, բացի օրենքով սահմանված վճարումներից, քաղաքացիներին պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ, որոնց մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:
«Տարոն Մարգարյանը Հայաստանի Հանրապետությունում է»
Վերջին օրերին ավագանու ընդդիմադիր խմբակցությունները կասկածներ էին հայտնում, որ Տարոն Մարգարյանն աշխատանքի չի ներկայանում։ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նույնիսկ չէր բացառում, որ քաղաքապետը հնարավոր է՝ անգամ բացակայում է Հայաստանից:
Տարոն Մարգարյանը ներկա չէր նաև ավագանու վերջին նիստին, նիստը վարում էր փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Նա ասաց, որ Մարգարյանը վատառողջ է։
Հարցին, թե ԱԱԾ-ն գիտի՞ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրը, Վանեցյանը պատասխանեց. - «Տարոն Մարգարյանը Հայաստանի Հանրապետությունում է, դա՝ միանշանակ, իսկ թե որտեղ է գտնվում, ճիշտն ասած, չգիտեմ»։