Այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դատարանը որոշում է կայացրեց երկու ամսով կալանավորել Միքայել Հարությունյանին։
Միևնույն ժամանակ ՀՔԾ-ն հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության։ Թե ինչ կարգավիճակով, առայժմ հայտնի չէ:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը, սակայն, ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, որ ժամը 17։00-ի դրությամբ Քոչարյանը հարցաքննության հրավիրվելու ծանուցում չէր ստացել։ Սողոմոնյանը նաև տեղեկացրել էր, որ այս պահին նախկին նախագահը Հայաստանում չէ:
Ինչ վերաբերում է այսօր հարուցված նոր գործին, ապա ՀՔԾ-ն հաղորդում է, որ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»։
72-ամյա գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը պաշտպանության նախարարությունը ղեկավարել է 2007 թվականի ապրիլի մինչև 2008 թվականի ապրիլը:
Նրա ստորագրած հրամանում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Այդ Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են նաև բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով:
«Համաձայն Միքայել Հարությունյանի ստորագրած հրամանի, Երևանում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում ձևավորվել է զինվորական կառավարման նոր կառույց», - հաղորդում է ՀՔԾ-ն։ - «Այդ կառույցի միջոցով իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ, որով Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր»:
Ըստ նախաքննական մարմնի, փաստացի հաստատված ռազմական դրության պայմաններում, Զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ:
«Մարտի 1-ին հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել են 8 քաղաքացիական անձինք և ոստիկանության 2 ծառայող: Խաղաղ հավաքը ցրվել է: Էական վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին», - հաղորդում է ՀՔԾ-ն:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք բանակը ներգրավելով ցրեցին հետընտրական խաղաղ հավաքն ու պատճառ դարձան 10 մարդկանց մահվան․ - «Ռոբերտ Քոչարյան՝ մեկ: Պաշտպանության նախարար՝ երկու: Սերժ Սարգսյան՝ երեք: Ներքին զորքերի հրամանատար՝ չորս: Ազգային ժողովի նախագահ՝ հինգ: Ես տասը նույն բանն ասել եմ, թե հիմնական մեղավորներն ովքեր են: Եվ էսօր նոր Հայաստանում ենք ապրում, բնական է, որ արդեն պետք է ամեն ինչը բացահայտվի, 0038 հրաման տվողը ով ա եղել՝ իհարկե Գերագույն գլխավոր հրամանատարը, և կատարողն եղել ա Միքայել Հարությունյանը»:
Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը, որ տուժողների գործերը ներկայացրել է Եվրոպական դատարան, հուսով է, որ այսօր հարուցված քրեական գործի շրջանակը շատ ավելի լայն և ընդգրկուն կլինի։
Գրիգորյանի գնահատմամբ, սա դեռ սկիզբն է․ - «Այդ ժամանակվա դրությամբ Պաշտպանության նախարարի գործողությունների քննությամբ և իրավական գնահատական տալով: Եվ շղթան տարածվելու է բողոքի ցույցերը ապօրինաբար և մահաբեր ուժի գործադրմամբ ճնշած պաշտոնյաների ողջ ցանկի վրա՝ քննության առարկա դարձնելով թե՛ այդ մահաբեր ուժի գործադրման հանգամանքները, թե՛ մարտական զենքի և հատուկ միջոցների գործադրման դեպքերը, և այդ ողջ հրամանատարական շղթայի բացահայտումը և այդ շղթայի յուրաքանչյուր օղակի պատասխանատվության աստիճանը»:
Փաստաբանն ասաց, որ փաստորեն անցած 10 տարվա ընթացքում նախաքննական մարմինը չի քննել բանակի ներգրավման կասկածները․ - «Տարվելու դեպքում էլ որևէ շոշափելի արդյունքի չի հանգել: Եթե որևէ ոչ հրապարակային ընթացակարգով իրենք նման քննություն կատարել են, արդյունքները երբևէ չեն հրապարակել»:
Ըստ ՀՔԾ-ի, արդեն իսկ քննվող քրեական գործի նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից նոր քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1 կետի հատկանիշներով, այն է՝ աահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ: Այս արարքը պատժվում է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկմամբ:
2008-ին գործող Սահմանադրության այս հոդվածները ամրագրում են սահմանադրական կարգի հիմունքները, ըստ որոնց Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն:
Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները։
Այս պատճառով էլ ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից և դուրս ելել փողոց՝ բողոքի ակցիաների։ Ընդ որում, այս ընտրախախտումները հանրությունը վերագրել է այդ ժամանակ դեռ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին։
«2008 թվականի մարտի 1-ի գիշերը՝ լուսաբացից առաջ, Երևան քաղաքի Ազատության հրապարակում ոստիկանական ուժերի կողմից իրականացվել է «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառումը, որի ընթացքում բազմահազար խաղաղ ցուցարարներ հեռացվել են հրապարակից և ստիպված հանգրվանել Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում։ - «Խաղաղ ցուցարարների թիվն ավելի է աճել և արդեն ցերեկը Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով, ինքնաձիգներով զինված տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և այլ փողոցներում»: