Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ադրբեջանի գրեթե ողջ տարածքի հոսանքազրկման պատճառը Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանում կեսգիշերին մոտ տեղի ունեցած պայթյունն ու դրան հաջորդած հրդեհն էր: Հաշվված րոպեների ընթացքում ամբողջությամբ հոսանքազրկվեցին Ադրբեջանի բոլոր խոշորագույն բնակավայրերը` մայրաքաղաք Բաքուն, որտեղ ավելի քան 2 միլիոն մարդ է ապրում, նաև մեծությամբ երկրորդ քաղաքը` Գյանջան, Սումգայիթը, ողջ Ապշերոնի թերակղզին և երկրի կենտրոնական հատվածը` ընդհանուր առմամբ 39 շրջան:
Կատարվածի առթիվ առաջին պաշտոնական մեկնաբանությունները հնչեցին արդեն գիշերը ժամը 1-ից հետո: Azerenerji ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ Մինգեչաուրի ՀԷԿ-ի բլոկներից մեկում տեղի ունեցած վթարի պատճառը ռեկորդային շոգ եղանակն է և որպես հետևանք՝ էլեկտրաէներգիայի սպառման կտրուկ աճը, նախ և առաջ՝ օդորակիչների գրեթե շուրջօրյա օգտագործումը բնակիչների կողմից: Նշենք, որ ըստ ադրբեջանցի օդերևութաբանների, վերջին անգամ նման շոգ եղանակ` շուրջ 44 աստիճան, Բաքվում գրանցվել է 120 տարի առաջ:
Մի քանի ժամ շարունակ հոսանքազրկված էին երկրի խոշորագույն տրանսպորտային հանգույցը` Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանը, նաև Բաքվի մետրոպոլիտենն ու ադրբեջանական մայրաքաղաքի բոլոր լուսաֆորները, լուրեր էին շրջանառվում մի շարք ռազմավարական, այդ թվում՝ ռազմական նշանակության օբյեկտների հոսանքազրկման մասին:
«Թուրան» գործակալության տեղեկություններով, հոսանքազրկվել են Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը` SOCAR-ին պատկանող ավելի քան 2 հազար նավթահորերը: «Դրանց բնականոն շահագործումը վերականգնելու համար մինչև մեկ շաբաթ ժամանակ կպահանջվի», - պնդում է լրատվամիջոցը:
Այս ֆոնին պատահական չէր, որ վթարին հաջորդած առաջին ժամերին ադրբեջանական իշխանությունների գլխավոր նպատակը ռազմավարական օբյեկտների էներգամատակարարման վերականգնումն էր:
«Այժմ բոլոր ռազմավարական օբյեկտների էներգամատակարարումը վերականգնված է: Բաքվի և մյուս շրջանների բնակչությանը հոսանք կմատակարարվի արդեն առաջիկա ժամերին», - գիշերը ժամը 3-ին հայտարարում էր Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը:
Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներին լրջորեն մտահոգում էր նաև երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկում` Գյանջայի ալյումինի գործարանում ստեղծված իրավիճակը, որտեղ հոսանքազրկման պատճառով տեխնոլոգիական ցիկլի խախտման վտանգ էր առաջացել:
«Գյանջայի ալյումինի գործարանը, ինչպես նաև մյուս արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք գործունեության անդադար ցիկլ ունեն, շարունակում են աշխատանքը: Այս պահին իրավիճակը երկրի բոլոր խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններում գտնվում է կառավարության վերահսկողության ներքո», - նշում էր Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար, ծնունդով հայաստանցի Շահին Մուստաֆաևը:
Նշենք, որ Ադրբեջանի կառավարությունը ռազմավարական օբյեկտների էներգամատակարարումը կարողացավ վերականգնել մինչև լուսադեմ նախևառաջ հարևան պետություններից` Վրաստանից և Ռուսաստանից ներկրված էլեկտրաէներգիայի հաշվին: Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարը, սակայն, մի շարք հավելյալ հարցեր է առաջացնում` հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող ադրբեջանցիների շրջանում:
«Չինովնիկների ամպագոռգոռ հայտարարությունները, թե Ադրբեջանը ապահովում է ոչ միայն իր, այլև ողջ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, անցած գիշեր հերթական անգամ հօդս ցնդեցին: Պարզվեց, որ այդ անվտանգությունը կախված է Մինգեչաուրում գտնվող 30-ամյա վաղեմության մեկ տրանսֆորմատորից», - գրում է «Թուրան» գործակալության մեկնաբանը` հիշեցնելով, որ նման վթարներ, երբ Ադրբեջանի ողջ տարածքը հոսանքազրկվում էր, տեղի են ունեցել նաև 2002, 2006 և 2010 թվականներին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մինգեչաուրում տեղի ունեցած վթարի հետևանքները հետաքննելու նպատակով այսօր հրահանգել է հատուկ պետական հանձնաժողով ստեղծել, որում ընդգրկվել են նաև ուժային երկու կառույցների` Ներքին գործերի նախարարության և Պետական անվտանգության ծառայության ղեկավարները: