Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում ավելացնել պաշտպանական ծախսերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին հասցեագրված նամակում հիշեցրել է, որ Իսպանիայի նախորդ վարչապետ Մարիանո Ռախոյը խոստացել է էապես ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը: Այս մասին հայտնել է El Pais օրաթերթը:

Ռախոյը 2017 թվականի սեպտեմբերին է այցելել Վաշինգտոն և Թրամփի հետ հանդիպման ընթացքում հստակ հավաստիացրել է, որ կառավարությունն էապես կավելացնի ռազմական ծախսերը:

Թրամփն իր նամակում նշել է, որ «Իսպանիան վերապրել է սարսափելի տնտեսական ճգնաժամ», և միաժամանակ գրել, որ Իսպանիան հաղթահարում է դժվարությունները:

Թրամփը նամակում հիշեցրել է, որ համախառն ներքին արդյունքի 2 տոկոսից քիչ միջոցներ պաշտպանությանը հատկացնող երկրները 2014 թվականին Ուելսում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում խոստացել են մինչև 2024 թվականը հատկացումները հասցնել այդ սահմանին:

Այդ առումով ԱՄՆ նախագահը գրել է, որ «ամերիկացի հարկատուները չեն հասկանում, թե ինչու եվրոպական որոշ երկրներ չեն կատարում ստանձնած պարտավորությունները»:

El Pais պարբերականը հաղորդում է, որ այս նամակը հասցեագրված է անձամբ Սանչեսին, մինչդեռ կան հստակ տեղեկություններ այն մասին, որ Թրամփը նմանօրինակ նամակներով վերջին շաբաթների ընթացքում դիմել է Իտալիայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի և Գերմանիայի ղեկավարներին:

Հաջորդ շաբաթ՝ հուլիսի 11-12-ը Բրյուսելում նախատեսված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: