Սաքունց. Կազմակերպված կոռուպցիայի փաստով պետք է գործ հարուցվի, Քոչարյանն ու Սարգսյանը՝ բացատրություններ տան

Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, Գլխավոր դատախազությունը պետք է կազմակերպված կոռուպցիոն հանցագործությունների իրականացման փաստով քրեական գործ հարուցի։

Իրավապաշտպանի խոսքով՝ այդ գործի շրջանակներում պետք է բացատրություններ տան թե՛ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, թե՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Արտաքին պարտքը՝ 7 միլիարդ դոլար, չնայած որոշ գնահատականներ տրվում է մինչև իսկ 10 միլիարդ, կամ ասվում է, որ Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 10 միլիարդ դոլար։ Այս գնահատականները հիմնված են ինչ-որ կոնկրետ ուսումնասիրությունների հիման վրա։ Այս հիմքով պետք է արդեն հարուցված լինի քրեական գործ, որի շրջանակներում Սերժ Սարգսյանը և իշխանության այդ կրողները՝ Ռոբերտ Քոչարյանը, բոլոր նախարարները, պետք է ներգրավվեն և սկսեն բացատրություններ տան», - ասաց Սաքունցը՝ նշելով, որ այստեղ արդեն խոսքը տնտեսական հանցագործությունների մասին է։

«Սա իրապես նյուրնբերգյան մի ամբողջ պրոցես է, սա արդեն տնտեսական հանցագործության մասին է, որն իհարկե ուղեկցվել է նաև ուժի գործադրմամբ, շատ դեպքերում սպառնալիքների գործադրմամբ, ապօրինությունների մի ամբողջ շղթա է կիրառվել՝ իշխանության դիրքի չարաշահում, պաշտոնեական լիազորությունների գերազանցում, շատ դեպքերում անմիջական զենքի կիրառմամբ՝ ստիպում կամ պարտադրում։ Կարծում եմ, որ միայն այս մեծ քրեական գործի շրջանակներում, նորից եմ կրկնում՝ կազմակերպված կոռուպցիոն հանցագործությունների իրականացման, որի հետևանքով պետությունն այդքան արտաքին պարտք է կուտակել, նաև այդքան մեծ թվով՝ երկրի երեք տարվա առնվազն բյուջեի չափ գումար է տասը տարվա ընթացքում դուրս բերվել, սրա հիմքով պետք է քրեական գործ հարուցվի։ Այսինքն՝ այդ փոքրիկ քրեական գործերով չպետք է բավարարվել, այլ պետք է առանձին քրեական գործերը, կամ առանձին փաստերով քննչական գործողությունները պետք է կատարվեն մեծ քրեական գործի շրջանակներում», - ասաց իրավապաշտպանը։

Հարցին, թե նոր իշխանությունները կգնա՞ն այդ մեծ քայլին համակարգային կոռուպցիոն պայքարի շրջանակներում, իրավապաշտպանը պատասխանեց. - «Եկեք սենց հասկանանք՝ նոր իշխանությունը, եթե նկատի ունեք կառավարությանն, ինքը քրեական գործ հարուցելու լիազորություն չունի, նման լիազորություն ունի գլխավոր դատախազը՝ քրեական գործ հարուցելու, հարց՝ կգնա՞ գլխավոր դատախազը, սա չգիտեմ՝ կգնա, թե՝ չէ»։

Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե լավատեսորեն էր խոսում դատախազության գործունեության մասին, Սաքունցն այսպես արձագանքեց. - «Փաշինյանն ընդհանրապես լավատեսորեն է խոսում և բոլորս ենք լավատեսորեն խոսում, բայց մի բան է լավատեսորեն խոսելը, մի բան է, որ ամեն մեկն իր գործառույթն իրականացնի, ինքը տրամադրում է, որ «գործեք, ձեզ ոչ մեկը չի ասում, որ մի գործեք»։ Այս հռետորական հարցը միշտ եմ տալիս՝ Արթուր Դավթյանը կարո՞ղ է քրեական գործ հարուցել կազմակերպված կոռուպցիոն հանցագործության հիմքով։ Սա հարց է, որ պետք է իրեն տալ։ Ես կասկածում եմ»։

Հիշեցնենք, անցած ուրբաթ՝ հունիսի 29-ին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ)​ քննչական վարչությունը հաղորդեց, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի ընտանիքին առնչվող նոր քրեական գործ է հարուցել առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրման և ապօրինի հարստացման հատկանիշներով:​

Այս գործով նրանք երեկ ներգրավվել են որպես կասկածյալներ. Լյովա Սարգսյանը և նրա դուստրը՝ Անի Սարգսյանը կասկածվում են ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, իսկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը՝ միայն ապօրինի հարստացման մեջ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.