Մինչ ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» և «Ելք» խմբակցությունները կասկածներ են հայտնում, որ Տարոն Մարգարյանը վերջին օրերին աշխատանքի չի ներկայանում, քաղաքապետարանի լրատվության վարչությունից փոխանցում են՝ քաղաքապետն աշխատանքի գալիս է։
Լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանի խոսքով՝ քաղաքապետը վատառողջ է եղել և բացակայել է միայն ավագանու նիստի օրը՝ հունիսի 26-ին, ինչից հետո արդեն աշխատում է ինչպես միշտ՝ սովորական գրաֆիկով։
Այնուամենայնիվ, հունիսի 26-ից հետո Երևանի քաղաքապետարանի կայքում ամեն օր հրապարակվող նորությունների տասնյակ լուսանկարներից որևէ մեկում Տարոն Մարգարյանը պատկերված չէ, թեև քաղաքապետարանի լրատվության վարչությունը սովորաբար առաջնահերթ լուսաբանում է քաղաքապետի գործունեությունը։
«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մատնացույց է անում, որ եթե Սանկտ Պետերբուրգի՝ Երևան ժամանած փոխնահանգապետ Աննա Միտյանինայի հանդիպումները փոխքաղաքապետերի հետ լուսաբանվել էին լուսանկարներով, Մարգարյանի և Միտյանինայի հանդիպման մասին վկայող որևէ լուսանկար չկար։
Երևանի քաղաքապետն ավանդաբար ամեն երկուշաբթի վարում է, այսպես կոչված, գործակարգավարական նիստեր իր աշխատակիցների հետ: Մեզ չհաջողվեց պարզել՝ Մարգարյանն է այսօր վարե՞լ այդ նիստը, թե՝ ոչ, իսկ լուսանկարներում, նա նորից չկար։
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը չի բացառում, որ քաղաքապետը հնարավոր է՝ անգամ բացակայում է Հայաստանից: - «Մենք ունենք կասկածներ, հենց այդ կասկածներից ելնելով էլ մենք հղել էինք հարցում և պարզ չէ՝ ինչու է նա բացակայում, պարզ չէ՝ նրա կողմից ինչպիսի վարքագիծ է դրսևորվել, հատկապես այն պարագայում, երբ «Երևան» հիմնադրամի չարաշահումների հետ կապված հարուցված է քրեական գործ, իսկ նա հանդիսանում է «Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ»:
Փոստանջյանը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանում չարաշահումների վերաբերյալ իրենց ունեցած մի քանի տարբեր կասկածների մասին հաղորդումներ են ներկայացրել իրավապահներին:
Երևանի քաղաքապետարանի երկու ընդդիմադիր՝ «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունները շարունակում են պահանջել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը՝ նշելով, որ նա չի լուծել քաղաքի գլխավոր խնդիրները, կուտակել է մեծ ունեցվածք՝ զբաղեցնելով միայն պետական պաշտոններ:
«Պետք է տեղի ունենան նոր ընտրություններ, նոր ավագանի է անհրաժեշտ ձևավորել՝ օրինական ավագանի, որը կարողանա համապատասխան լուծումներ տրամադրել առկա խնդիրներին», - ասում է Զարուհի Փոստանջյանը, - «Եվ մենք հասկանում ենք, որ այս պարագայում, երբ մենք չունենք օրինական կարգով ընտրված խորհրդարան, օրինական կարգով ընտրված ավագանի, ապա խնդիրներն էլ չեն կարող համապատասխան լուծում ստանալ»: