Սերժ Սարգսյանի եղբայրը և նրա զավակները՝ գործով կասկածյալներ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրում է եղբորը՝ Լյովա Սարգսյանին, մարտ, 2016թ.

Ինչպես «Ազատության»-ը փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ), Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը և դուստրը՝ Անի Սարգսյանը դեռևս հունիսի 29-ին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական ծառայության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում կասկածյալներ են։

Լյովա և Անի Սարգսյանները կասկածվում են Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացում և 314.3 հոդվածի 2-րդ մասով՝ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելը, իսկ Նարեկ Սարգսյանը՝ միայն ապօրինի հարստացում։

ՀՔԾ-ից «Ազատության»-ը փոխանցեցին, որ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Հիշեցնենք՝ ապօրինի հարստացման հոդվածով մեղադրվում է նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, ով ի տարբերություն Սերժ Սարգսյանի եղբոր և եղբոր զավակների, ձերբակալվեց, ապա ավելի ուշ կալանավորվեց։

Հուլիսի 29-ին ՊԵԿ քննչական վարչությունը գործը փոխանցել է ՀՔԾ վարույթ։

Տե՛ս նաև այստեղ