Մեկնարկել է Իրանի նախագահի եվրոպական շրջագայությունը

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկա օրերին եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների հետ կքննարկի 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի պահպանման հեռանկարները:

Այսօր Ռոհանին ժամանում է Շվեյցարիա, որտեղ առաջիկա երկու օրերին նախատեսված են նրա բանակցությունները այդ երկրի նախագահի և կառավարության ներկայացուցիչների հետ: «Կողմերը քննարկելու են Իրանի հետ միջուկային համաձայնագրի ստորագրմամբ ձեռք բերված առաջընթացի ապահովումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը», - նշված է շվեյցարական կառավարության հայտարարության մեջ:

Հուլիսի 4-ին Հասան Ռոհանին կժամանի Վիեննա, որտեղ կհանդիպի Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի և կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: «Պաշտոնական Վիեննան կաջակցի Իրանի հետ համաձայնագիրը փրկելուն ուղղված Եվրամիության ջանքերին», - նշել են Ավստրիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները:

Հուլիսի 1-ից Ավստրիան ստանձնել է ԵՄ նախագահությունը:

Աշխարհի վեց գերտերությունների և Իրանի միջև 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը ենթադրում է Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակում՝ Արևմուտքի պատժամիջոցները մեղմելու դիմաց:

Այս տարվա մայիսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին: