Ամերիկացի դեսպանը քննադատում նախագահին և հրաժարական է ներկայացնում

Էստոնիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Մելվիլը, արխիվ:

Էստոնիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Մելվիլը խստորեն քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունների համար և հայտարարել է պաշտոնը թողնելու մասին:

Մելվիլը Տալլիննում 2015 թվականից է ծառայում: Նա Ֆեյսբուքի իր էջում երեկ գրել է, որ երեք տասնամյակ պետական դեպարտամենտի համակարգում աշխատելուց հետո հեռանում է, ինչը կապված է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հասցեին նախագահ Թրամփի հրապարակավ հնչեցրած քննադատության հետ:

«Երբ նախագահը կարող է ասել, թե Եվրոպական միությունը ստեղծվել է Ամերիկան թալանելու համար, կամ ՆԱՏՕ-ն նույնքան վատ կառույց է, որքան Հյուսիսամերիկյան ազատ առևտրի կազմակերպությունը՝ դա ոչ միայն գործնականում սխալ է, դա նաև ազդակ է առ այն, որ եկել է իմ հեռանալու ժամանակը»,- Ֆեյսբուքում նշել է դեսպանը, հավելելով, որ Տալլիննում կմնա այնքան ժամանակ, որքան կպահանջվի փոխարինող դեսպան նշանակելու համար:

Մելվիլն իր այդ որոշումն ընդունել է մի ժամանակաշրջանում, երբ եվրոպացի դաշնակիցներին սկսել է մտահոգել ԱՄՆ նախագահի մոտեցումը Երկրորդ աշխարհամարտից հետո հիմնված արևմտյան անվտանգության և տնտեսական կայունության երկու հիմնասյուների՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի նկատմամբ:

Նախագահ Թրամփը հուլիսի 11-ին Բրյուսելում մասնակցելու է ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին, ապա հուլիսի 16-ին Հելսինքիում բանակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: