Լոռու մարզպետն այցելեց Դսեղ, լսեց գյուղացիների բողոքներն ու առաջարկները

Դսեղ

Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչներն իրենց հուզող խնդիրները՝ սկսած ներհամայանքային անբարեկարգ ճանապարհներից մինչև կաթի մթերման ցածր գներ, օրերս ներկայացրեցին նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանին, ով իր այցելությունները մարզի գյուղեր, սկսել էր հենց այս համայնքից:

Հրանտ Մարգարյանը բնակիչների հետ զրույցում ընդգծեց՝ ներդրումների առաջնահերթությունը կտրվի այն համայնքներին, որոնցում առավել պարտաճանաչ կերպով են հավաքագրում հարկերը: Նկատենք՝ մարզային նախորդ իշխանությունները ևս այդ սկզբունքով էին ներդրումներ խոստանում:

Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանն ասաց, որ դեռ մեկ ամիս առաջ հավաքագրումների մակարդակը կտրուկ նվազեց, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո շատերը հույս ունեին, թե կուտակված հարկային պարտավորությունները, հնարավոր է՝ վերացվեն: Մինչդեռ օրեր առաջ կառավարությունից գրություն են ստացել այն մասին, որ ապառքները, տույժերն ու տուգանքները չեն զիջելու:

Գյուղացիներից մեկը նման մտահոգություն հայտնեց՝ տարիներ շարունակ իրենք վճարում են հարկ վարելահողի համար, մինչդեռ ժամանակի ընթացքում իրենց վարելահողերի զգալի մասը վերածվել է խոտհարքի և պիտանի չէ օգտագործման համար: Բայց հարկերը նույն կերպ շարունակում են հավաքագրել:

Անասնապահությամբ զբաղվող գյուղացիներից մեկն էլ դժգոհեց, որ կաթի և մսի վերավաճառողներն իրենցից ավելի շատ են վաստակում, մինչդեռ ողջ չարչարանքն իրենք են կրում: Իսկ պետությունը, ըստ գյուղացու, ոչինչ չի անում իրենց աջակցելու համար:

Մարզպետը գյուղացիներին առաջարկեց վերամշակման կետ բացելու համար ծրագիր ներկայացնել, հույս հայտնելով, որ ներդրողներ կհայտնվեն: Դսեղցիները Հրանտ Մարգարյանին դիմեցին նաև ներհամայնքային ճանապարհների բարեկարգման հարցով, ասելով, որ համայնքը ևս իր ներդրումը կունենա: Մարգարյանը շեշտեց՝ հարկերը ժամանակին հավաքագրելու դեպքում կանդրադառնան այդ հարցին: