Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում ապամոնտաժել կամ այլ վայրում տեղադրել առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի արձանը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Տիգրան Բարսեղյանին զարմացրել է քաղաքաշինության պետական կոմիտեի օրերս արած հայտարարությունը, թե Մանուկյանի արձանի տեղադրման հարցում խախտվել են մի շարք օրենքներ ու քաղաքաշինական նորմեր, հետևաբար՝ աշխատանքները պետք է դադարեցվեն։
Գլխավոր ճարտարապետի կարծիքով՝ քաղշինկոմիտեի նորանշանակ ղեկավար Ավետիք Էլոյանը, ում անունից արվել է հայտարարությունը, լիովին չի տիրապետում իրավիճակին։ «Ծիծաղի առարկա պիտի դառնանք ողջ հայության, ողջ աշխարհի առաջ: Նման հաջողված գործը մի հատ էլ ապամոնտաժենք: Երբ 4 ամիս շարունակ իրականություն է դառնում մշակույթի նախարարության և պատկան մարմնի՝ քաղաքաշինության կոմիտեի պատուհանների ամենալավ դիտակետից ընկալվող այդ աշխատանքը, և հանկարծ վերջին օրը, երբ արձանն է տեղադրվում, նման հայտարարություն են անում, ես դա չեմ հասկանում»,- ասաց գլխավոր ճարտարապետը:
Արամ Մանուկյանի արձանն արդեն իսկ տեղադրվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում։ Բարսեղյանի խոսքով, մոտ օրերս էլ լինելու է դրա բացման արարողությունը: Նկատենք, սակայն, որ ըստ քաղշինկոմիտեի հայտարարության, քաղաքապետարանը, որպես արձանի պատվիրատու, վայրի ընտրության հարցում խախտել է «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասին» օրենքը, քանի որ աշխատանքերը չի համաձայնեցրել լիազոր մարմնի՝ մշակույթի նախարարության հետ։
Ի պատասխան, գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ասաց՝ վայրի ընտրությունը կատարել է նախաձեռնող խումբը, որի կազմում ընդգրկված են եղել մշակույթի նախկին փոխնախարար Արև Սամուելյանն ու Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության մասնագետը։ Ըստ Բարսեղյանի, նրանք դեմ չեն եղել տեղանքի ընտությանը։ «Նրանք մեզ հետ քայլել են սկզբից մինչև վերջ, ոչ մի հարց չի առաջացել»,- հիշեցրեց Բարսեղյանը:
Տեղի ընտրության հարցում գրավոր համաձայնություն մշակույթի նախարարությունից չունենք, հավելում է նա, միաժամանակ շեշտելով՝ փոխարենը կան այն տեսաձայնագրությունները, որոնցում մշակույթի նախարարության պաշտոնյաները կողմ են արտահայտվում արձանի տեղադրման վայրի ընտրված տարբերակին։
Մշակույթի նախարարությունը, սակայն, նախօրեին հայտարարություն տարածեց, որում շեշտում է՝ անընդունելի են համարում առանց իրենց հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրումը թույլատրելը: Գերատեսչությունը համարում է, որ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճումներից մեկը։
Թե ինչպես կհանգուցալուծվի այս թնջուկը, դեռ անհայտ է: Սակայն Արամ Մանուկյանի արձանը Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեսնել չի ցանկանում նաև ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Նրա խոսքով՝ սա անարգանք է և՛ Արամ Մանուկայնի հիշատակի, և՛ հասարակության, և՛ կայարանը կառուցած ճարտարապետների նկատամամբ։ Երիտասարդ ճարտարապետ Արսեն Կարապետյանն խնդիր է տեսնում, կապված հեղինակային իրավունքի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի հետ։
Մետրոյի համալիրը նախագծել են ճարտարապետներ Ջիմ Թորոսյանն ու Մկրտիչ Մինասյանը։ Վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց, նա երկրում չէ, փոխարենը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը տեղեկացրեց, որ Մինասյանն ի սկզբանե կողմ է եղել արձանն իր հեղինակած կառույցի մի հատվածի վրա տեղադրելուն։ «Նա ասաց, որ երկու ձեռքով է կողմ դրան, ու նաև էն հանգամանքով, որ նախկինում խոսակցություններ կային, որ այդտեղ հյուրանոց պետք է կառուցվի, որին դեմ էին»,- ասաց Բարսեղյանը:
Այս հակասությունների շուրջ «Ազատությունը» փորձեց մեկնաբանություն ստանալ Քաղաքաշինության պետական կոմիտեից, սակայն կառույցի մամուլի քարտուղարը փոխանցեց, որ հաղորդագրությունից զատ առայժմ այլ ասելիք չունեն։ Հարցազրույցից հրաժարվեց նաև արձանի քանդակագործը՝ Դավիթ Մինասյանը, ասելով, որ կխոսի միայն արձանի բացումից հետո։