Մահացած ոստիկանների հարազատներին երեկ ընդունած վարչապխետ Նիկոլ Փաշինյանը լսել է նրանց դժգոհությունները, կիսել վիշտն ու ասել․ - «Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ ներհայաստանյան խնդիրների լուծման առումով մենք չպետք է ունենանք բռնության որևէ դրսևորում»:
Վարչապետը հավելել է, որ ինքը կարևորում է զոհված ոստիկանների հարազատների հետ հանդիպումը և հետագայում էլ անհրաժեշտության դեպքում պատրաստ է նորից հանդիպել:
Ոստիկանների հարազատներն այսօր սակավախոս էին, հրաժարվեցին տեսախցիկի առջև մանրամասներ պատմել վարչապետի հետ երեկվա իրենց հանդիպումից:
Գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ին ծառայություն իրականցնելիս վիրավորված ու շաբաթներ անց հիվանդանոցում մահացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մայրը՝ Անահիտ Պարոնիկյանը համաձայնեց միայն հեռախոսով խոսել․ - «Մենք դժգոհություններ ունենք, որ օրը 1, 2, 3 հոգու բաց են թողնում․․․ Բայց ինչի՞ համար: Ես մինուճար տղա կորցնեմ, ես ողբալով մնամ, ես գիշեր-ցերեկ մղկտամ, ու նրանք ազատության մեջ հայտնվե՞ն։ Ինքը [վարչապետ Փաշինյանը] ասեց, որ ձեր վիշտը մեր վիշտն է, մեր բոլորս վիշտն է: Մենք հասկացանք, որ ինքը էդ վճռի հետ բոլոր բոլորովին կապ չունի․ դատարան գոյություն ունի․․․ Չբավարարեց, բայց համենայն դեպս, մենք իրանից գոհ ենք: Իմ տղային ով սպանեց, մահվան դուռ հասցրեց, նա պիտի պատժվի օրենքի ամենախիստ պատժով: Ես չգիտեմ, թե դա ով է, ով չի, բայց ես պահանջում եմ ու պնդում եմ, որ նա պիտի պատժվի»:
Զոհված ոստիկանների հարազատների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է․ - «Ինձ համար կարևոր էր լսել ձեր տեսակետները, դիրքորոշումները, որոնք դատավճիռ չեն կարող դառնալ, որովհետև ես դատավճիռ կայացնող չեմ: Ես որպես վարչապետ հայտարարել եմ, որ ընդհանրապես դատարանների գործունեությանը որևէ միջամտություն չեմ ունենալու, որովհետև կարծում եմ, որ դա սխալ է և հենց այդ գործելակերպի պատճառով է նաև, որ մենք բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել»:
Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի որդին՝ Ժորա Վանոյանն ասաց, որ հետևելու են վարչապետի հորդորներին․ - «Պատասխան հնչեցվեց, որ ամեն ինչ տեղի է ունենում օրենքի սահմաններում: Եթե խափանման միջոցը ազատության մեջ մնալն ա իրանց, ապա դա չի նշանակում, որ դատավճիռը կլինի նենց, որ իրանք ազատ կարձակվեն»:
Վարչապետը զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին հորդորել է օգտվել դատավարական իրավունքներից, քանի որ դրանց պաշտպանության տեղը դատարանն է:
Ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թումասյանը, «Ազատությանն» ասաց, որ իր դիրքորոշումը նույնն է, ինչ մյուս զոհված ոստիկանների հարազատներինը, իսկ սպասելիքը մեկն է՝ արդար դատաքննություն․ - «Վարչապետի հետ հանդիպումից շատ գոհ եմ: Ես միշտ ասել եմ, որ «Սասնա ծռերը» մեղավոր են իմ ամուսնու սպանության մեջ, նույնը կրկնում եմ: Ես չգիտեմ ինչ կբացահայտվի, ինչ չի բացահայտվի, իմ ամբողջ կյանքում իրանք մնացին ոխերիմ թշնամիներ: Արժանի պատիժը ստանան բոլորը»:
«Սասնա ծռերը» 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։
Վերջին շաբաթներին «Սասնա ծռերի» անդամների գործով ընթացող դատավարությունների ընթացում պատգամավորների երաշխավորությամբ կալանքից ազատվել են 13 ամբաստանյալներ: