Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի օրը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացման արարողությանը:
Փառատոնի շրջանակում ներկայացվել է հայկական մշակույթն ու ավանդույթները: Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ շրջայց է կատարել տաղավարներում, դիտել հայկական կենցաղը, խոհանոցն ու արհեստները ներկայացնող ցուցադրությունները, շփվել մասնակիցների ու այցելուների հետ:
Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ժողովրդական կենցաղի և մշակութային ժառանգության Սմիթսոնյան կենտրոնի կողմից կազմակերպված հեղինակավոր փառատոնում Հայաստանի և Սփյուռքի ավելի քան 170 ներկայացուցիչ՝ արհեստագործներ, նկարիչներ, դիզայներներ, երաժիշտներ, խոհարարներ, գինեգործներ ներկայացնում են մեր երկրի մշակութային ժառանգությունը. հայկական կենցաղը, խոհանոցն ու արհեստները:
Հայաստանը տարածաշրջանի առաջին երկիրն է, որը ներկայացվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում անցկացվող այս փառատոնում: