«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության դեմ պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում կատարված նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քրեական գործը հարուցվել է այս տարվա մայիսի 2-ին և հունիսի 18-ին՝ «ընկերության կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու» դեպքի առթիվ` Քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես անցած շաբաթ հաղորդել էր ՊԵԿ-ը, նախաքննության ընթացքում պարզվել էր, որ «Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն, իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում, 2013-2017թթ. իրականացրած գործունեության ընթացքում պետական բյուջե է վճարել ընդամենը 3 միլիոն 527 հազար դրամ, այն դեպքում, երբ պետության նկատմամբ ընկերության ներկայացրած հաշվետվություններով առաջացրել է շուրջ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն, սակայն դրանք չի վճարել և ընկերությանը տարել է սնանկացման»: Բացի այդ, ըստ ՊԵԿ-ի, պարզվել էր, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016-ի 1-ին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկում «շուրջ 140 միլիոն դրամի չափով ԱԱՀ-ի գումար է թաքցրել»: Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում էր մոտ 300 միլիոն դրամ, որը հստակեցնելու, ինչպես նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը պարզելու ուղղությամբ կատարվել են որոշ քննչական և դատավարական գործողություններ:
Այս գործով, հիշեցնենք, շոշափվում են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ազգականների անունները: Համաձայն ՊԵԿ-ի նախորդ հաղորդագրության՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի հիմնադիրներն են Գոռ Առաքելյանը` 20 տոկոս բաժնեմասով, ով 2011-ին իր բաժնեմասն օտարել է իր մորը` Լիլիթ Բագրատյանին, Գաբրիել Ջեմբերջյանը` 20 տոկոս բաժնեմասով, Նարեկ Սարգսյանը` 20 տոկոս բաժնեմասով, և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 40 տոկոս բաժնեմասով: Ընդ որում, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրը և տնօրենը Լևոն Ազատի Սարգսյանն է, ում որդին՝ Նարեկ Սարգսյանը միաժամանակ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի բաժնետեր է: Լևոն Սարգսյանը նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Խորհրդի մեկ այլ անդամ է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի բաժնետեր Գաբրիել Ջեմբերջյանը, ով «Ազատության» հետ զրույցում վստահեցրել է, որ վերը նշված մեղադրանքների հետ ինքը որևէ կապ չունի: