Հնարավոր ամեն ինչ արվելու է, որպեսզի մասնավորապես Գյումրին ազատվի տնակներ ունենալու խարանից։ Այդ մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի նորանշանակ օգնական Արեն Մկրտչյանը։
Նա նշեց՝ այս հարցն իր համար շատ մեծ կարևորություն ունի։
Օգտատերերից մեկի հարցին, թե«Գլենդել հիլզ» ընկերության 2008-2009 թվականների գործունեությունը ստուգվելո՞ւ է Գյումրիի «Մուշ» թաղամասի կառուցման թեմաներով, Մկրտչյանը պատասխանեց. - «Կհիշեք՝ 2015 թվականին ընկերոջս հետ միասին «SOS Գյումրի» ծրագիրն էինք իրականացնում բարեգործական, որի արդյունքում 26 ընտանիք բնակարան ստացավ։ Այս հարցն ինձ համար շատ մեծ կարևորության հարց է։ Երբ որ շրջում էինք տնակներով և փորձում էինք գտնել ամենածանր իրավիճակում գտնվող ընտանիքին, որպեսզի բնակարան հանձնեինք, անընդհատ ավելի ծանրն էր գտնվում։ Թվում էր թե՝ վերջ, ահա գտել ենք ընտանիքը, հաջորդ տուն էինք մտնում՝ ավելի ծանր վիճակում էր գտնվում։ Երբեք չեմ մոռանա, երբ տնակներից մեկում վազելով երեխա մոտեցավ՝ կիսատ ականջով, ու երբ ես հարցրի, թե ինչ է եղել երեխայի ականջին, ծնողն ասաց՝ «առնետը քնած ժամանակ կրծել է ականջը»: Դրվագներ, որ երբեք չեն մոռացվի: Ու նույն ժամանակ տեղեկություններ էին ստացվում, 2015-ի մասին է խոսքը, որ Հայաստանի Հանրապետությունում կան առանձնատներ, որտեղ կան զուգարանակոնքեր մի քանի միլիոն դրամ արժողությամբ, երբ ես հարցնում էի, թե այդ զուգարանակոնքերի տարբերությունը սովորական զուգարանակոնքից ո՞րն է, ինձ ասում էին, որ կարիքները հոգալուց հետո էլեկտրոնային փոստին զուգարանակոնքի մեջ տեղադրված համակարգը մեզի անալիզի պատասխաններ է ուղարկում։ Այսինքն՝ այս խզվածքն այնքան մեծ է այդ դղյակների և տնակներում ապրող մարդկանց, որ հիմա հնարավոր ամեն ինչ արվելու է, որպեսզի Հայաստանն իսկապես, մասնավորապես՝ Գյումրին, ազատվի տնակներ ունենալու խարանից»:
Հարցին, թե ո՞րն է իր դերն ու ի՞նչ է անելու առաջիկա ամիսների ընթացքում, թիմո՞վ է աշխատում, թե՞ մենակ, Մկրտչյանը պատասխանեց. - «Ես միայնակ եմ։ Իմ բուն գործառույթը հիմնականը ինֆորմացիայի հավաքագրման աշխատանքներն են՝ չստուգված ինֆորմացիան ստուգելը, դրանք ամբողջացնելն ու այնուհետև դրանք փոխանցելը իրավապահներին։ Անընդհատ հանդիպումներ եմ ունենում Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության պետի հետ, ինտենսիվ կերպով աշխատում ենք, ես ստանում եմ տեղեկատվությունը, հավաքագրում եմ, ճշտում եմ ու հետո փոխանցում եմ իրենց ստուգելու, եթե գտնում են բավարար հիմքեր, հարուցվում է քրեական գործ, տարածվում է մամուլի հաղորդագրություն, իրազեկվում է հանրությանը և գործը հայտնվում է նախաքննության փուլում»։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.