«Հանձնաժողովը ամրագրեց, որ ընտրակարգը պետք է լինի հարյուր տոկոսանոց համամասնական՝ փակ ցուցակներով: Նաև որոշում կայացրեցինք անցողիկ շեմի համար․ ըստ այդմ՝ խորհրդարանական ընտրություններում նախագծում առաջարկվելիք անցողից շեմը որոշվեց իջեցնել մեկ տոկոսով դաշինքների և կուսակցությունների համար: Այսինքն՝ չորս տոկոս կուսակցությունների համար և վեց տոկոս դաշինքների համար», - նիստից հետո լրագրողներին փոխանցեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: - «Իդեալական հասարակարգում ռեյտինգային իր գաղափարի մեջ ա, տեսական առումով բավականին լավ ընտրակարգ է, բայց ելնելով կոնկրետ ժամանակից և տարածությունից, կոնկրետ իրողություններից, այս պահին հնարավոր չի դրա լավ կիրառումը Հայաստանում, ինչի փորձը և ապացույցը մենք ունեցանք, օրինակ, նախորդը ընտրություններին: Եվ ահա հարյուր տոկոսանոց փակ ցուցակով համամասնականի օգտին հնչեցված փաստարկներից մեկը վերաբերում են հենց սրան, որ էս ընտրակարգը հնարավորություն է տալիս ոչ թե կուսակցությունից դեպի անհատ գնալ ընտրություն անելիս, և ոչ թե անհատից դեպի կուսակցություն: Ընդ որում, այդ անհատը շատ դեպքերում կարող է լինել ոչ այնքան քաղաքական մարդ: Եվ ահա ընտրությունները, պայմանական ձևակերպում եմ անում, ընտրությունները առավելագույնս քաղաքականացնելու նաև նպատակ ունի էս ընտրակարգի ֆիքսումը: Եվ մեկ այլ փաստարկ․ ընտրախախտումների մեջ մեծ դեր է ունեցել նաև զանազան նշանների կիրառումը, այդ թվում նաև գրիչներով՝ տարբեր գույների գրիչների օգտագործումը: Եվ ահա հարյուր տոկոսանոց փակ ցուցակով համամասնական ընտրակարգը թույլ է տալիս բացառել ընդհանրապես գրիչների կիրառումը: Օրինակ, ոչ թե մի թղթի վրա լինի X կուսակցություն, Y կուսակցություն, Z կուսակցություն, և այդտեղ ընտրողը գրիչով նշի, այլ ամեն մի կուսակցության համար լինի առանձին մի թերթիկ և ծրարի մեջ դրվի էդ թերթիկը: Այստեղ ռիսկերի մի հսկայական մաս ոչ թե կնվազեցվի, այլ ուղղակի կվերանա»:
Անցողիկ շեմի իջեցման վերաբերյալ Միրզոյանն ասաց․ - «Քննարկվել են տարբեր տարբերակների՝ սկսած շեմի վերացումից մինչև նույնի պահպանում: Ի վերջո հանգել ենք էս լուծման՝ նաև հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի շարունակական առաջարկները Հայաստանի Հանրապետությանը, նաև հաշվի առնելով այլ գործոններ»:
Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը հավելեց․ - «Եթե վերցնենք ամենաժողովրդավարական քառասուն երկրները ըստ Economist Intelligence Unit-ի, ապա դրանից այն երկրներում, որտեղ կա շեմի այն տրամաբանությունը, որը կա Հայաստանում, այսինքն ուղղակի ին-որ թիվ է ֆիքսված, այդտեղ միջին ցուցանիշը 3,9 տոկոսն է: Եվ երկրորդ ուսումնասիրությունը, որը արվել է, դա տենդենցիաներն են վերջին 15 տարում: Այն երկրները, որոնք վերջին 15 տարում փոխել են անցողիկ շեմը, ինչպիսի ժողովրդավարական և հակակոռուպցիոն տենդենցներ են եղել այդ երկրներում: Եվ այս հետազոտությունը ևս գալիս է այն եզրահանգման, որ մոտ 1-2 տոկոսով շեմը իջեցրած երկրներում իրոք դրական փոփոխություններ են եղել կոռուպցիայի և ժողովրդավարության հարցում»:
Հարկ է նշել, որ բացի այս հանձնաժողովից, գոյություն ունի նաև խորհրդարանական աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ներկայացուցիչներ բոլոր չորս խմբակցություններից: Հետագայում երկու հանձնաժողովները մեկտեղելու են իրենց աշխատանքը։
«Ինչ-որ փուլում, երբ որ մենք վերջնական պատկերացում ունենանք մեր հայեցակարգի շուրջ, էն ժամանակ կմիանանք նաև խորհրդարանական ձևաչափին, քննարկումներ կունենանք նաև իրենց հետ: Ես հրավիրված եմ նաև իրենց մյուս նիստին: Կփոխանցենք այնքանը, ինչքանի մասին այս պահին որոշում ունենք»: