Թուրքիան չի անսա Իրանի հետ նավթի առևտուրը դադարեցնելու ԱՄՆ կոչին․ նախարար

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչի, արխիվ

Թուրքիան չի անսա Միացյալ Նահանգների՝ Իրանի հետ նավթային առևտուրը դադարեցնելու պահանջին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին՝ պնդելով, որ շարունակելու են նավթ ներկրել, անգամ եթե ՄԱԿ-ի պատժամիջոցների մասին որոշում լինի: «Մենք առաջնորդվում ենք մեր շահերով», - ասել է նա:

Հիշեցնենք, ԱՄՆ-ը մինչև նոյեմբերի 4-ը ժամանակ է տվել իր դաշնակիցներին՝ դադարեցնելու Իրանից նավթի ներկրումը:

Թուրքիան, որը Վաշինգտոնից զգուշացում է ստացել նաև ռուսական C-400 (S-400) պաշտպանական համակարգերի ձեռքբերման գործարքի առնչությամբ, իր աջակցությունն է հայտնել Իրանին:

Ավելի վաղ էլ Հնդկաստանն էր հայտարարել, որ ուշադրություն է դարձնելու միայն ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներին, այլ ոչ թե առանձին պետությունների սպառնալիքներին:

Մայիսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանված, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին: