«Ե՛վ Մոնթեն, և՛ ես միշտ մտածում էինք, որ ամենաճիշտ բանը, որ ժողովուրդը կարող է անել, իր ճակատագիրն իր ձեռքն առնելն է», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանը:
Սեդա Մելքոնյան. - Թավշյա կամ ոչ թավշյա, համենայն դեպս՝ իշխանափոխությունն ինձ համար այնքան էլ զարմանալի չէ, ես միշտ էլ այս ժողովրդի հանդեպ հավատ ունեցել եմ։ Ե՛վ Մոնթեն, և՛ ես միշտ մտածում էինք, որ ամենաճիշտ բանը, որ ժողովուրդը կարող է անել, իր ճակատագիրն իր ձեռքն առնելն է։
«Ազատություն». - Սեդա, Դուք անձամբ ճանաչում եք Սերժ Սարգսյանին, շփվել եք նրա հետ, Ձեր ճանաչած Սերժ Սարգսյանի ու Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի միջև տարբերություն կա՞։
Սեդա Մելքոնյան. - Գիտեք, բնականաբար, այդ Սերժ Սարգսյանին, որին ես ճանաչում եմ անձամբ, ինձ համար նույնը չէր։ Եվ դժվար է ընդունել, որ նույն մարդն է։ Այն մարդուն, որի հրաժարականը պահանջեց ժողովուրդն այդպես հսկայական թվերով, ես իրեն լավ էի վերաբերվում Արցախյան շարժման օրերին, ինքը համեստ էր, իրեն տեսել եմ տարբեր տեղեր՝ Մարտունիում եմ հանդիպել՝ Մոնթեի հետ ես դիրքեր էի գնում, ճանապարհին տեսել ենք, զրուցել ենք, հետևաբար՝ մեր հարաբերությունները մի քիչ տարբեր էին, այնպես որ՝ երբ որ այդպես հսկայական թվերով ժողովուրդը հրաժարական պահանջեց, ինձ համար մի քիչ անհասկանալի էր, մյուս կողմից՝ 25-26, գրեթե 30 տարի է անցել, այնպես որ, բնականաբար, ինքը նույն մարդը չէ։
«Ազատություն». - Փոխվե՞լ է Սերժ Սարգսյանը։
Սեդա Մելքոնյան. - Բնականաբար։
«Ազատություն». - Փոխվել է դեպի լա՞վը, թե՞՝ դեպի վատը։
Սեդա Մելքոնյան. - Եթե ժողովուրդն իր գնահատականը տվեց այնպես, ինչպես որ տվեց, կնշանակի, որ ոչ որպես լավը, և դա ինձ համար տխուր է։
«Ազատություն». - Գեներալ Մանվել Գրիգորյանի տանն Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ արեց, պարզվեց, որ ապրիլյան պատերազմի օրերին ճակատ ուղարկված օգնությունն, ըստ իրավապահների, յուրացրել էր Մանվել Գրիգորյանը։ Երբ այդ տեսարանը տեսնում էիք, ի՞նչ էիք մտածում, Մոնթեն ի՞նչ կասեր։
Սեդա Մելքոնյան. - Բնականաբար առաջին անդրադարձը զայրույթն էր և աններելիությունը, որովհետև բաներ կան, որ պետք չէ խախտել։ Անձամբ ինձ համար այդ տեսակ վերաբերմունքն անհարիր է հերոսին։
«Ազատություն». - Ձեզ համար Մանվել Գրիգորյանն այսօր հերո՞ս է, թե՞՝ ոչ։
Սեդա Մելքոնյան. - Անշուշտ՝ ո՛չ։
«Ազատություն». - Իսկ մինչև այս դե՞պքը։
Սեդա Մելքոնյան. - Մինչև այս դեպքն էլ ոչ, ինչո՞ւ համար՝ ես անձամբ չեմ հիշում, թե երբ եմ առաջին անգամ հանդիպել Մանվելին։ Մարդիկ, որ Մանվելի անունը տալիս էին, ոչ դրական լույսի տակ էին տալիս։ Փսփսոցով ինչ-որ բաներ էին պատմում, օրինակ՝ զինվորների նկատմամբ իր վերաբերմունքի մասին, ինձ խանգարող բաներ եմ լսել մարտերի ժամանակ, որ զինվորներն, ովքեր նահանջում էին, պատժվում էին Մանվելի կողմից։ Փաստեր չունեմ և մի քիչ անհարմար եմ զգում խոսել, թե մինչև ուր է հասել այդ պատիժը՝ ֆիզիկական պատժի մասին է խոսքը։
«Ազատություն». - Ժիրայր Սեֆիլյան, Սամվել Բաբայան՝ նրանք երկուսն էլ ազատազրկման մեջ էին, և նոր կառավարության օրոք նրանց խափանման միջոցը փոխվեց։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։
Սեդա Մելքոնյան. - Ժիրայր Սեֆիլյանը մի քիչ ավելի պարզ է ինձ համար, մարդն իր քաղաքական հայացքներն ունի և իր պայքարելու ձևն ունի և իր իրավունքն է, ամեն մարդ պետք է իրավունք ունենա իր ձևով պայքարելու, ես համարում եմ, որ Ժիրայրը պետք է ազատ զգա և կարողանա իր մտածածն ու իր քաղաքական մոտեցումներն արտահայտի, և չարժեր մարդուն բանտարկել՝ իր քաղաքական հայացքների համար։
«Ազատություն». - Դուք նրան համարո՞ւմ էիք քաղբանտարկյալ։
Սեդա Մելքոնյան. - Այո։
«Ազատություն». - Նույնը Սամվել Բաբայանն էր ասում։
Սեդա Մելքոնյան. - Ոչ, Սամվել Բաբայանն ինձ համար ավելի բարդ խնդիր է, ինչո՞ւ՝ եթե հիշում եք, տարիներ առաջ, երբ Սամվել Բաբայանը սկսեց, չակերտավոր ասած, տապալվել որպես քաղաքական գործիչ, իր մոտ էլ հսկայական թվով ինքնաշարժեր հայտնաբերվեցին, և ինքն էլ շատ մեծ տուն ուներ։ Ես համարում եմ, որ այդ տարիներին նման հավաքածու ունենալը՝ մեքենաների, ճիշտ չէր։ Ամայություն էր տիրում, թռչուններն էին հազիվ թռչում, և՛ աղքատություն, և՛ դժվարություն՝ սնունդ հայթայթելու, ամեն ինչ գնում էր Հայաստանից, քստմնելի պայմաններում էին մարդիկ ապրում, և անմիջապես հետո մեկը ժամանակ ունենա, որ մոտ 100 ինքնաշարժ հավաքի՞, ինձ համար շատ տարօրինակ էր։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.