Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Ռուսաստանից վերադառնում է տուն: Աշխարհի առաջնության խմբային մրցաշարի վերջին՝ երրորդ տուրում Գերմանիան երեկ 0:2 հաշվով պարտվեց Հարավային Կորեային և 3 միավորով վերջին տեղը գրավեց F խմբի մրցաշարային աղյուսակում:
Խմբում 6-ական միավորով առաջին երկու տեղերը գրավեցին և փլեյօֆում հանդես գալու իրավունք ստացան Շվեդիայի և Մեքսիկայի հավաքականները, որոնց հանդիպումը երեկ ավարտվեց շվեդների հաղթանակով՝ 3:0 հաշվով:
Աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիան իր պատմության ընթացքում առաջին անգամ է ձախողվում աշխարհի առաջնության խմբային խաղերում և չի անցնում հաջորդ փուլ:
E խմբում 7 միավորով առաջին տեղը գրավեց Բրազիլիայի հավաքականը՝ վերջին տուրում 2:0 հաշվով պարտության մատնելով Սերբիայի թիմին: 5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Շվեյցարիայի հավաքականը՝ ոչ-ոքի՝ 2:2 ավարտելով հանդիպումը Կոստա Ռիկայի թիմի հետ:
Այսպիսով, 1/8 եզրափակիչի հերթական երկու զույգերն են՝ Բրազիլիա-Մեքսիկա և Շվեդիա-Շվեյցարիա, որոնք կհանդիպեն համապատասխանաբար հուլիսի 2-ին և հուլիսի 3-ին:
Այսօր կկայանան աշխարհի առաջնության խմբային մրցաշարի վերջին չորս հանդիպումները՝ Անգլիա-Բելգիա և Պանամա-Թունիս՝ G խմբում, Սենեգալ-Կոլումբիա և Ճապոնիա-Լեհաստան՝ H խմբում:
1/8 եզրափակիչի հանդիպումները կմեկնարկեն հունիսի 30-ին: