Արթուր Գևորգյանը չի հաստատում Երևանի քաղաքապետի հրաժարականի դիմումի մասին տեղեկատվությունը

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հերքում է Երևանիավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունը այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել:

«Ես Դավիթ Խաժակյանի տվյալ հայտարարությունը, որ տեսել եմ Ձեր լրատվամիջոցում, հերքում եմ, չեմ հաստատում, և նշում եմ, որ նման տեղեկատվություն չկա՝ հրաժարականի դիմում գրելու մասին», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտարարեց Արթուր Գևորգյանը:

«Ազատության» ճշտող հարցին՝ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում չի՞ գրել, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը պատասխանեց․ - «Ես հստակ նշում եմ՝ պարոն Խաժակյանի այդ նյութը, որով Դուք ասում եք՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմում է գրել հրաժարականի, ես տվյալ տեղեկությունը չեմ հաստատում և նշում եմ՝ նման տեղեկատվություն չկա»:

Ավելի վաղ Դավիթ Խաժակյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել դեռևս մի քանի օր առաջ, պարզապես այն պաշտոնապես չի հրապարակվում, քանի որ պարզ չէ, թե ինչպես են տեղի ունենալու նոր քաղաքապետի ընտրությունները։

Նշենք, որ երեկ առաջին անգամ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացակայում էր ավագանու նիստից, ինչը խմբակցության անդամներն աննախադեպ համարեցին: