Երևան են ժամանել Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետներ

Այսօր Երևան են ժամանել Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետներ ու մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի փոխանցմամբ, երևանյան հավաքին մասնակցել են Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը և Թուրքիայի արտգործնախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության տնօրինության ղեկավար Օմեր Գուչուքը:

Հայաստանի հետ սահմանները փակած այս երկրների ներկայացուցիչներն այսօր Երևանում լրագրողների հարցերին չցանկացան պատասխանել:

Այսօրվա հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ որոշ անդամ պետությունների կողմից կազմակերպության հարթակը չարաշահելու և քաղաքականացնելու շարունակական փորձերը բացասաբար են ազդում ոչ միայն տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության, այլև կազմակերպության առանցքային հիմքերի վրա․ - «Նման փորձերը խարխլում են ՍԾՏՀԿ` որպես տարածաշրջանային տնտեսական արդյունավետ կազմակերպության նկատմամբ վստահությունը։ Մենք պետք է վճռականորեն կանխենք այդպիսի վտանգավոր միտումները, այդ թվում՝ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը պետք է աջակցի կազմակերպության առանցքային նպատակների իրականացմանը՝ ՍԾՏՀԿ-ի մնացած կառույցներից անկախ զուգահեռ գործունեությամբ զբաղվելու փոխարեն։ Բացի այդ, բաց սահմանները, ապաքաղաքականացված, անկաշկանդ, ազատ և ընդգրկուն տարածաշրջանային համագործակցությունը, որպես այս կազմակերպության առանցքային նպատակներ, նույնպես կարևոր պայմաններ են տարածաշրջանում կայունության և խաղաղության խթանման համար»:

Հանդիպումից հետո խնդրին անդրադարձավ նաև Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: - «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառույց է, այդ իսկ պատճառով գտնում ենք, որ անթույլատրելի են որոշ փորձերը՝ քաղաքականացնելու կազմակերպության գործունեությունը իր լիազորությունների շրջանակը գերազանցող և կանոնադրությանը հակասող քաղաքական բնույթի փաստաթղթեր ընդունելու եղանակով», - հայտարարեց փոխարտգործնախարարը:

Արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց, որ խնդիրը վերաբերում է Ադրբեջանի կողմից պարբերաբար տնտեսական այս կառույցում Ղարաբաղի հարցը բարձրացնելուն․ - «Հատկապես դա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին է վերաբերում: Եթե հիշում եք, անցյալ տարի Կիևում կայացավ այդ հարթակի հերթական նիստը, ինչ֊որ մի բանաձև ընդունվեց, որի քննարկմանը հայկական պատվիրակությունը չէր հրավիրվել: Նաև ներկա չէր այդ նիստին Ռուսաստանի պատվիրակությունը: Նաև, պարբերաբար, Ադրբեջանի կողմից այս հարթակում փորձում են բարձրացնել Ղարաբաղի խնդիրը, ասելով, որ այդ խնդրի պատճառով տնտեսական ծրագրերը չեն իրականացվում և համագործակցությունը լիարժեք չէ: Մենք դեմ ենք հենց այդ դրսևորումներին, որ զուտ տնտեսական կառույց է, և դրա զարգացման, խորացման համար ստեղծված կազմակերպությունը օգտագործվի քաղաքական նպատակներով և քաղաքական ինչ֊որ շահեր հետապնդելու, քաղաքական դիրքորոշումներ արտահայտելու համար: Դրա մասին մենք բազմիցս տարբեր առիթներով խոսել ենք, այդ թվում և արտգործնախարարի մակարդակով»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների միավորող այս կազմակերպությունը Հայաստանի համար մեծ կարևորություն չունի, սակայն եզակի հարթակ է դիվանագիտական մակարդակում հատկապես Թուրքիայի հետ շփումների համար: Բադալյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը մշտապես ցանկացած հնարավորություն օգտագործում է Մինսկի խմբից դուրս ղարաբաղյան հարցը բարձրացնելու համար․ - «Մենք, իհարկե, ձգտելով թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը դուրս բերի հարցը Մինսկի խմբի ֆորմատից, այդուհանդերձ մնացած բոլոր ֆորմատներում էլ պետք է ունենանք շատ հստակ, բովանդակային պատասխանը Ադրբեջանին»:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը այսօր Երևանում Հայաստանը փոխանցեց Ադրբեջանին: