Վարչապետը նոր նշանակումներ է կատարել

Հայաստանի կառավարության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշումներով՝ Ավետիք Քերոբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, Արտակ Նահապետյանը՝ փրկարար ծառայության տնօրեն, Վահան Զարոյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Նարեկ Բաբայանը և Գոռ Թադևոսյանը՝ Սյունիքի մարզպետի տեղակալներ, Դավիթ Խուդաթյանը՝ Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հիշեցնենք, Էջմիածնի և Արմավիրի քաղաքապետները վերջերս են հրաժարական ներկայացրել: Վարչապետի հունիսի 22-ի որոշմամբ Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը:

Վարչապետը այսօր որոշումներ է ստորագրել նաև իր աշխատակազմում նշանակումներ կատարելու մասին՝ Մարգարիտ Ազարյանը նշանակվել է կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ, Մարի Կարապետյանը՝ ֆինանսատնտեսագիտական վարչության պետ, Ծովինար Համբարձումյանը՝ արտաքին կապերի վարչության պետ, Արամ Մելքոնյանը՝ ծրագրերի փորձաքննության վարչության պետ։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ Գարեգին Գաբրիելյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։