ԱՄՆ նախագահի խորհրդականը Մոսկվայում կբանակցի Ռուսաստանի ղեկավարության հետ

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այսօր ժամանում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի և արտգործնախարարի հետ բանակցությունների, որոնց առանցքում է լինելու երկու գերտերությունների նախագահների միջև հնարավոր հանդիպման կազմակերպումը:

Բոլթոնը չորեքշաբթի ուշ երեկոյան ասուլիս է հրավիրել, որտեղ էլ, հնարավոր է, որ հայտարարի այդ հանդիպման վայրն ու ժամը:

Մոսկվա ժամանելուց առաջ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Լոնդոնում և Հռոմում հանդիպել է Ամերիկայի դաշնակիցներին, պետքարտուղար Մայք Փոմփեոն էլ անցած շաբաթավերջին հայտարարել էր, թե Պուտին-Թրամփ հանդիպումը կլինի «ոչ շատ հեռու ապագայում»:

Ըստ ավստրիական լրատվամիջոցների, կողմերը հակված են բանակցություններն անցկացնել Վիեննայում, սակայն ամերիկացի պաշտոնյաներից մեկը անանուն մնալու պայմանով երեկ Reuters-ին ասել է, թե հնարավոր է, որ հանդիպումը կայանա Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում:

Մինչ այս Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը երկու հանդիպում են ունեցել՝ միջազգային գագաթնաժողովների շրջանակներում, և 8 հեռախոսազրույց: