Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Ըստ կոմիտեի, նախնական տվյալներով՝ «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի երկու աշակերտ 2016-2018թթ. ուսումնական տարիներին փաստացի դպրոց չհաճախելու պայմաններում, տնօրենի հրահանգով, բացակա չեն ստացել և փոխադրվել են 4-րդ դասարան:
Դեպքի առթիվ հունիսի 26-ին ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) հատկանիշներով, որը նույն օրն ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում։
«Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում: