Լոռու մարզում ռաֆթինգի թիմ է ձևավորվել

Լոռու մարզում Հայաստանի ամենաջրառատ գետի՝ Դեբեդի վրա թիավարելու առաջին հրահանգներն է տալիս Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։

Էքստրեմալ սպորտաձևով՝ ռաֆթինգով զբաղվելու համար թիմ են ձևավորել, անգամ ֆեդերացիա հիմնել և հույս ունեն, որ մեծ թվով զբոսաշրջիկներ են գալու էքստրիմի հաճույքը վայելելու համար։

«Ոնց որ թմրամոլի նման․ հենց որ գետը տեսնում եմ, արյունս եռում ա, ուզում եմ ռաֆթ անեմ: Շատ ինքը հետաքրքիր ա, շատ գրավիչ ա», - ասաց Խաչիկյանը:

Ռաֆթինգը Վրաստանում արդեն մեծ տարածում ունեցող սպորտաձև է, նաև, ըստ մասնագետների, լավ բիզնես հնարավորություն։

Ռաֆթինգի Վրաստանի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Կացարավան համոզված է, որ Հայաստանում ևս այս արկածային մարզաձևը զարգացնելու բոլոր հիմքերը կան:

«Հրաշալի գետ կա, կա էքստրիմ, կան մարդիկ, սարքավորումներ, և ամենակարևորը՝ կա զարգացնելու ցանկություն», - ասաց Դավիթ Կացարավան, ով հայտնի դերասան է և միևնույն ժամանակ ռաֆթինգի սիրահար։

Այսօր թիմը գետ մտավ՝ արկածային այս սպորտաձևին մասնակից դարձնելով նաև հայտնի մարզիկների, զբոսաշրջիկների, հեռուստահաղորդավարների, ինչպես նաև Լոռու բնակիչների։

«Դեբեդը համարվում է միջին աստիճանի վտանգավորության գետ, բայց ավելի վտանգավոր, քան Վրաստանի գետերն են», - ասում է Վազգեն Խաչիկյանը, ով վերապատրաստվել է արտերկրում և Հայաստանում գլխավոր թիավարն է։

Արկածների սիրահարներն իրենց ռետինե նավակներով ու թիերով հաղթահարեցին քարքարոտ գետի Հաղպատից մինչև Ախթալա ավելի քան 10 կիլոմետրանոց հատվածը։ Բոլորը գոհ էին արդյունքից։ Սպասված ադրենալինն ստացել էին՝ առանց կորուստների։