«Շմայսեր» ինքնաձիգը, որ հիշատակ էի պահել, բերեցի, հանձնեցի․ Առաքել Մովսիսյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն այսօր այցելել էր Ազգային անվտանգության ծառայություն: «Ազատության» հետ զրույցում Մովսիսյանը պատմեց, որ հիշել է 20 տարի առաջ պահած ավտոմատի և մի քանի փամփուշտների մասին և որոշել է այդ զենքն էլ հանձնել իրավապահներին:

«20 տարի առաջ պատերազմից որ եկել էինք, իմ պատմական «Շմայս» անունով ավտոմատը քանի որ պահած էր, հիշեցի որ պահած էր, և մի քանի փամփուշտներ: Ասեցի՝ թող չմնա-փչանա», - ԱԱԾ-ի շենքից դուրս գալուց հետո պատմեց Մովսիսյանը: - «Զանգեցի իմ քննիչին՝ Հովհաննիսյանին, անձամբ ներկայացա, որ էս-էս-էս բաները գտել եմ: Հիշեցի, որ սրանք պատերազմի ժամանակ պահել էի, հիշողությունս եկավ տեղը և ինքնակամ զանգեցի, բերեցի-հանձնեցի իրենց: «Շմայսեր» ավտոմատը, որ հիշատակ էի պահել, հիշեցի, որ դա էլ պետքա: Իմաստ չուներ, արդեն կարիք չեմ տեսնում էս երկրում զենք պահելը»:

Հիշեցնենք՝ Առաքել Մովսիսյանը հունիսի 21-ին տարվել էր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, որտեղ նա պատրաստակամություն էր հայտնել՝ հանձնելու դեռևս Արցախյան ազատամարտի տարիներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահած զենքն ու ռազմամթերքը: Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից՝ հողածածկույթի տակից հանել ու կամովի հանձնել է զենքն ու ռազմամթերքը, մասնավորապես՝ «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, որից մեկը՝ փողատակային նռնականետով, «ՌՊԿ» տեսակի մեկ գնդացիր, «Բելկա» տեսակի 1 համակցված հրացան, 3 որսորդական հրացան, տարբեր տրամաչափի թվով 162 փամփուշտներ:

Զենքն ու ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով Առաքել Մովսիսյանը ազատ էր արձակվել: