Հեղափոխության օրերին լրագրողների դեմ բռնության փաստերով մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանի

Բռնության ենթարկված լրագրող Տիրայր Մուրադյանը, ապրիլ, 2018 թ․

Ապրիլին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժման օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից բռնության ենթարկված 6 լրագրող տուժող է ճանաչվել, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։ Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանի:

ՀՔԾ-ի հաղորդմամբ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած՝ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանի լիազորությունները կասեցվել են։

Ապրիլի 20-ին մի խումբ քաղաքացիներ Երևան-Սևան ավտոճանապարհին բողոքի զանգվածային ակցիաներ էին իրականացրել, որի ընթացքում փակել էին ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: Այդ վայր ժամանած ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Տիրայր Մուրադյանին և փորձել վերցնել վերջինիս բջջային հեռախոսը, այնուհետև իր աշխատակիցներին հրահանգել է Մուրադյանին հեռացնել նշված հատվածից: Ֆիզիկական ուժ և բռնություն գործադրելով՝ լրագրողին հեռացրել էին այդ տարածքից։

Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հոդվածով: Գործն այժմ գտնվում է Կոտայքի դատարանում: Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Լրագրողն «Ազատության» հետ զրույցում պատմեց՝ իր նկատմամբ տեղի ունեցածը Կոտայքի ոստիկանապետի հրահանգով է եղել: Մուրադյանին բռնությամբ մեքենա են նստեցրել՝ ինքնությունը պարզելու նպատակով, սակայն նրա համար անհասկանալի է եղել՝ ինչու՞ են ինքնությունը պարզելու համար իրեն տարածքից բռնի ուժով հեռացնում։

«Ինձ ասացին, որ ինքությունս պետք ա պարզեն, ինձ տվյալ տարածքից նստեցրին մեքենա, տարան որոշակի տարածք, որ ինքնությունս պարզվի։ Հարց է առաջանում՝ ինչու՞ ինքնությունս հենց ակցիայի վայրում չի պարզվել, կամ էդքան դժվա՞ր էր պարզել իմ ինքնությունը, երբ իմ լուսանկարով մեծ սիրուն բեյջ կար կախված պարանոցիցս»,- հարցեր է տալիս լրագրողը։

Տիրայր Մուրադյանը պատմեց նաև, որ նախաքննության ընթացում, ըստ Արսեն Արզումանյանի՝ ոստիկաններին տված բացատրությունների՝ վերջինս տեղեկացել է, որ լրագրողը տվյալ տարածքում մոտեցել է քաղաքացիներին ու կոչ արել՝ ճանապարհներ փակել, կանգնել է մեքենաների առաջ, այդպիսով՝ հասարակական կարգ խախտել։

«Առերես հարցաքննությունից հետո նախաքննական մարմինը գտել ա, որ որևէ կերպ փաստարկված չի եղել ոստիկանապետի՝ իմ դեմ տված ցուցմունքները, և շատ չանցած մեղադրանք է առաջադրվել նրան։ Եթե հասարակական խախտում էի անում, ինչու՞ ինձ բաց թողեցին, ինչու՞ վարչական պատասխանատվության չենթարկեցին»,- տարակուսում է Տիրայր Մուրադյանը։

Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանի փաստաբաններն են Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը: Նրանք, սակայն «Ազատությանը» փոխանցեցին՝ այս պահին մեկնաբանություն չեն տա, կխոսեն դատական գործընթացի փուլում։

Մեկ այլ գործով՝ ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում Հանրային ռադիոյի լրագրող Վրույր Թադևոսյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով ևս կա մեղադրյալ։ Թադևոսյանի պնդմամբ՝ այդ օրն իր վրա են հարձակվել մոտ 50 քաղաքացիական հագուստով անձինք, որոնց մեջ կային նաև դիմակավորվածներ։ Լրագրողի փաստաբան Տիգրան Եգորյանն ասում է՝ արդյունավետ քննության չի իրականացվել, և այդ պատճառով 50-ից ընդամենը մեկին են գտել։ Այս գործով նախաքննությունը սկսվել է դեռևս Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելը, և փաստաբանն այժն ասում է, որ իր մտահոգություններն առաջացել են նախքան հեղափոխությունը:

«Իմ նշած մտահոգություններն, ամենայն հավանականությամբ, առաջացել են նշածս առաջին հատվածում, երբ հետաքննության մարմնի ջանքերը համադրելի չեն եղել վերջին ....եղել են բացեր առաջին շրջանում, որոնք ակնհայտորեն իրենց ազդեցությունը տարածել են նաև այս ժամանակահատվածի վրա»,- ասում է փաստաբան Եգորյանը: